Էրդողանը մտադիր Է զինվորականներ ուղարկել Ադրբեջան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու հրամանագրի նախագիծն ուղարկվել է Հանրապետության խորհրդարան։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Anadolu գործակալությունը։
Սպասվում է, որ Թուրքիայի խորհրդարանը այդ հարցը կքննարկի առաջիկա օրերին։
Էրդողանը նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ Անկարան եւ Մոսկվան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնի մասին, նրանք կմասնակցեն «համատեղ խաղաղապահ առաքելությանը»: Մինչ այդ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան եւ Անկարան Ղարաբաղի հարցով կաշխատեն Ադրբեջանի տարածքում մոնիթորինգային կենտրոնի միջոցով, «համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չի գնացել»:
Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները եւ Հայաստանի վարչապետը Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիեւը եւ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին:
Հայտարարության համաձայն, մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը գերիների փոխանակում են իրականացնում, շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով, որը միացնում է Ղարաբաղը Հայաստանին, տեղակայվում են ռուս խաղաղապահներ: