24.11.2024
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է գործողությունների ծրագիր
prev Նախորդ նորություն

Մինչ օրս դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողների դիակներ. ԱՆ

Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Միքայել Մինասյանի այն գրառման, որ իբր Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հայկական կողմը ունեցել է 4750 զոհ, հայտնում ենք, որ այդ գրառման մեջ ներկայացված տեղեկատվությունը լկտի սուտ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Սույն օգտատիրոջ կողմից անամոթաբար կեղծիք տարածելը ծանոթ գործելաոճ է, սակայն հայկական կողմի զոհերի վերաբերյալ ուռճացված թվեր ներկայացնելը անցնում է բոլոր սահմանները:


Առողջապահության նախարարությունը, որպես բոլոր զոհերի դատաբժշկական փորձաքննություններ անցկացնող մարմին պաշտոնապես հայտնում է, որ չկան «1400 զոհված եւ դեռեւս չհերձված» ոչ մի դի, ինչպես նշված է սույն օգտատիրոջ գրառման մեջ: Մինչ օրս մեր դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել են 2317 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաեւ չճանաչվածներ: Հակառակորդի մոտ մնացած զոհված զինծառայողների դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել եւ հակամարտող կողմերը չեն կարող այս պահին տիրապետել վերջնական թվին, քանի դեռ այդ գործողություններն ընթացքի մեջ են:


Այս նուրբ թեման կեղծ տեղեկություններով շահարկելու հաշվին քաղաքական դիվիդենտեր հավաքելը դուրս է բարոյականության բոլոր սահմաններից:


Առողջապահության նախարարության ողջ անձնակազմի անունից ցավակցում ենք որդի կորցրած բոլոր մայրերին, հայրերին եւ նրանց հարազատներին: Ցավում ենք, որ ստիպված էինք այս թեմայով նման գրառում անել: