Գագիկ Ծառուկյանն ու Իշխան Սաղաթելյանը հրավիրվել են ՀՔԾ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Քննչական ծառայություն: Այս մասին VERELQ-ին հայտնեց ԲՀԿ նախագահի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Նրա խոսքով, այս պահին այլ մանրամասներ հայտնել չի կարող, բացի նրանից, որ իշխանություններն ամեն կերպ փորձում են խոչընդոտել Ծառուկյանի և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների շփումը ժողովրդի հետ.
"Ակնհայտ է, որ նրանց փորձում են զրկել մարդկանց հետ խոսելու հնարավորությունից",- ասաց Տոնոյանը:
Նշենք, որ քիչ առաջ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ Facebook-ի իր էջում տեղեկացրեց, որ 17 քաղաքական ուժերի հանրահավաքից րոպեներ առաջ իրեն հրավիրել են ՀՔԾ։
"Ես ուղևորվում եմ այնտեղ։ Բոլորիդ կոչ եմ անում միանալ այս պահին Ազատության հրապարակում հավաքված արժանապատիվ ժովովրդին։
Իմ կամ իմ գործընկերներին ձերբակալելը չպետք է հիմա մեզ հուզի։ Հիմա բոլորիդ համար նշանակություն ունի միայն Հայրենիքի ապագան։
Հետևաբար բոլորս դեպի Ազատության հրապարակ։ Այս պայքարը հայ ժողովրդի ապրելու միակ շանսն է",- գրել է նա։
Այս րոպեներին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավքը շարունակվում է: