Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու են միայն ռուսաստանյան խաղաղապահ ուժեր․ Զախարովա
Ղարաբաղյան շփման գծում տեղակայվելու են միայն ռուսաստանյան խաղաղապահ ուժեր․ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում Զախարովան ասել է․ «Երբ հրապարակվի հայտարարության տեքստը, ոչ ոք այլևս կասկած չի ունենա, կուզեի ևս մեկ անգամ ուշադրություն դարձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ խոսք է գնում Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծի երկայնքով, միայն ռուսաստանցի խաղաղապահների տեղակայման մասին»։
Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ խաղաղապահների առաքելությունը լինելու է ռուս-թուրքական, թեև հայտարարության տեքստում թուրքական ուժերի մասին որևէ հիշատակում չկա։
Թուրք խաղաղապահների տեղակայման տեղեկությունը հերքել է նաև ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։