ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, The Jerusalem Post-ին տված հարցազրույցում մեկնաբանելով Իսրայելի առաջարկը՝ մարդասիրական օգնություն ցուցաբերել հայկական կողմին Լեռնային Ղարաբաղի հակամարտությմաբ պայմանավորված, առաջարկել է այդ օգնությունը փոխանցել «վարձկաններին եւ ահաբեկիչներին», որոնց, ըստ նրա, այդ պետությունը զինում է:
Այն բանից հետո, երբ Հայաստանն Իսրայելից հետ կանչեց իր դեսպանին այդ երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով, Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը զանգահարեց իր հայ գործընկերոջը և առաջարկեց հումանիտար օգնություն:
«Մարդասիրական օգնությունը վարձկաններին զենք վաճառող երկրից, որը նրանք օգտագործում են խաղաղ, քաղաքացիական բնակչությանը հարվածներ հասցնելու համար։ Ես առաջարկում եմ Իսրայելին այդ օգնությունն ուղղել վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես նրա գործունեության տրամաբանական շարունակություն», - մեկնաբանել է Փաշինյանը Ռիվլինի առաջարկը։
Հայաստանի վարչապետը նաև հայտարարել է, որ թեև Թուրքիան և Իսրայելն այժմ փաստացի գտնվում են ղարաբաղյան հակամարտության «նույն կողմում», հրեական պետությունն ապագայում կարող է իր վրա զգալ Անկարայի «կայսերական հավակնությունները»: «Դա միայն ժամանակի հարց է», - վստահություն է հայտնել նա:
Փաշինյանի խոսքով՝ Իսրայելը զինում է մի երկրի, որը «մտադիր է Հայոց ցեղասպանություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում»։ Նա Իսրայելին անվանել է հակամարտության ակտիվ մասնակից, քանի որ իսրայելական անօդաչու սարքերը, նրա խոսքով, «ակտիվորեն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում»:
«Իսրայելը պետք է իրեն հարց տա՝ արդյոք նա դե ֆակտո չի կռվում վարձկանների հետ Լեռնային Ղարաբաղի դեմ։ Դա հարմար դիրքորոշո՞ւմ է իր համար: Եթե այո, ապա Աստված նրա հետ, բայց ես կարծում եմ, որ կլինեն կոնկրետ հետեւանքներ, եւ դուք ստիպված կլինեք դիմակայել այդ հետեւանքներին», - եզրափակել է ՀՀ կառավարության ղեկավարը։
Նշենք, որ Հայաստանի հրեական համայնքն անցյալ ամիս նամակ էր հղել նախագահ Ռեուվեն Ռիվլինին, վարչապետ Բինյամին Նեթանյահուին, Իսրայելի Կնեսետի (խորհրդարանի) խոսնակ Յարիվ Լևինին՝ Ադրբեջանին զենքի մատակարարումը դադարեցնելու կոչով։ Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը հոկտեմբերի 13-ի իր նամակում ափսոսանքով նշել է, որ Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության ամենաթեժ պահին Իսրայելը շարունակում է Ադրբեջանին նորագույն զինատեսակներ մատակարարել:
Երեւանը հոկտեմբերի 1-ին Թել Ավիվից հետ է կանչել իր դեսպանին՝ Բաքվին իսրայելական զենքի վաճառքի հետ կապված խորհրդակցությունների համար: Ըստ պաշտոնական անձանց եւ հետախուզության աղբյուրների, Իսրայելը զենք է ուղարկում Ադրբեջան՝ ղարաբաղյան հակամարտության գոտում կատաղի մարտերի ֆոնին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը՝ հարձակման անցնելով շփման գծի ողջ երկայնքով։ Ադրբեջանում և Հայաստանում ռազմական դրություն է մտցվել, զորահավաք է հայտարարվել։