Գագիկ Ծառուկյանն ազատ կարձակվի. դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը
Դտարանը բավարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը 100 միլիոն դրամ գրավով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը։
Որոշումը կայացրել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ հոկտեմբերի 22-ին:
Գագիկ Ծառուկյանը կալանավորված էր սեպտեմբերի 25-ից նույն դատավորի՝ Մնացական Մարտիրոսյանի կողմից։ Ծառուկյանի պաշտպանները կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել, ինչը դատարանը մերժել էր։
Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալու համար: Որոշման հրապարակումից հետո պաշտպանները այն որակել էին անօրինական, ավելի ուշ՝ բողոք ներկայացրել դրա դեմ, սակայն Վերաքննիչ դատարանը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը։
Դրանից հետո պաշտպանները գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն էր ներկայացրել դատարան։