24.11.2024
Նոր զեկույց. Մարդու իրավունքներն ԱՄՆ պետդեպի ձեռքին որպես
prev Նախորդ նորություն

Քոչարյանի տան վրա տեղի է ունեցել զինված հարձակում. ոստիկանություն

Ոստիկանությունը հաստատում է, որ ապրիլի 15-ին ժամը 18-ի սահմանում ահազանգ է ստացել, թե զինված հարձակում է տեղի ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան վրա, նռնակ է նետվել առանձնատան ուղղությամբ։ Ոստիկանության քննչական խումբն այժմ աշխատում է դեպքի վայրում, նշել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Մալխասյանը, հայտնում է «Ազատությունը»։

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էլ իր հերթին հայտնել է, որ Քոչարյանի տան մոտ պայթյուն չի գրանցվել, ընտանիքի անդամների հետ ոչինչ չի պատահել, իսկ ինքը` երկրորդ նախագահն այժմ աշխատանքային այցով Մոսկվայում է: «Ուռճացված աղմուկ է, անհեթեթ միջադեպ»,- ասաց Սողոմոնյանը:

Պաշտոնից հեռանալուց հետո՝ 2008 թվականին, Կառավարության որոշմամբ Երևանի Ծովակալ Իսակովի թիվ 23 հասցեում գտնվող շենքը և օժանդակ շինությունները` բացառությամբ պահակատան, անհատույց սեփականության իրավունքով հանձնվել են Քոչարյանին` որպես բնակարան: Նույն այդ որոշմամբ պահակատունը որոշվել է ամրացնել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը` անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով:

Տեղի ունեցածին արագ արձագանքել է իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանը։

«Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակումը խստորեն դատապարտելի է: Ռազմաքաղաքական ստեղծված պայմաններում երկրի ներսում իրավիճակի ապակայունացման մեջ շահագրգիռ կողմեր կան: Հուսամ, կպարզվեն բոլոր հանգամանքները և հետաքննությունը կտա հարցերի պատասխանը»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Աշոտյանը։