Պուտինն Էրդողանին լուրջ անհանգստություն է հայտնել ԼՂ-ում գրոհայինների առկայության պատճառով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ քննարկելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Մանրամասն քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Երկու կողմերից էլ հաստատվել է հումանիտար հրադադարի պահպանման կարեւորությունը, որի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում: Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես են եկել քաղաքական գործընթացի ակտիվացման օգտին, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի հիման վրա:
Ռուսաստանի նախագահը լուրջ մտահոգություն է հայտնել մերձավորարեւելյան տարածաշրջանից զինյալների մասնակցության կապակցությամբ: Ընդգծվել է արյունահեղությունը շուտափույթ դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն անցնելու նպատակով համաչափ ջանքերի անհրաժեշտությունը: Հույս է հայտնվել, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական ներդրում կունենա հակամարտության ապաէսկալացման գործում», - ասած է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ սիրիական եւ լիբիական խնդիրների շուրջ կարծիքների փոխանակման ժամանակ նշվել է այդ ուղղություններով Ռուսաստանի եւ Թուրքիայի համակարգման արդյունավետ բնույթը, որը նպաստում է իրադրության կայունացմանը եւ քաղաքական-դիվանագիտական ուղու առաջխաղացմանը:
Քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցության մի շարք հարցեր: Ֆիքսված է փոխադարձ շահագրգռվածությունը կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի հարցում, ներառյալ պատվաստանյութերի մշակման եւ արտադրության ոլորտում համագործակցությունը: Համապատասխան հանձնարարականներ կտրվեն համապատասխան գերատեսչություններին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ դիվանագիտական եւ ռազմական ուղիներով հետագա կանոնավոր շփումների պահպանման մասին»,- ասված է հաղորդագրության մեջ: