Ամերիկյան The Wall Street Journal թերթը հրապարակել է հոդված, որում ասվում է, որ Թուրքիայի հետ կապված հարյուրավոր գրոհայիններ Սիրիայից տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, գրում է EADaily-ն:
Հոդվածում ասվում է, որ «Սիրիայի զինված խմբավորումների հարյուրավոր անդամներ Թուրքիայի հետ դաշինքում մասնակցել են Ադրբեջանի և Հայաստանի միջեւ մարտերին»: Պարբերականի տեղեկություններով՝ «ևս հարյուրավոր մարդիկ պատրաստվում են մեկնել»։ Այս մասին տեղեկությունը հաստատել են Սիրիայում թերթի երկու աղբյուրներ՝ կապված գրոհայինների տեղափոխման հետ։
Աղբյուրների վարկածով՝ հուլիսից «սիրիական ապստամբ խմբավորումների շրջանում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Թուրքիան մարտիկներ է հավաքագրում մարտական գործողություններին մասնակցելու համար»: Սեպտեմբերի կեսերից սկսվել է Սիրիայից գրոհայինների ուղարկումը հակամարտության գոտի՝ «խմբում մինչև 100 մարդ»։ Սիրիայում զինված խմբավորումների հետ կապված աղբյուրը նշել է, որ հարյուրավոր մարդիկ են տեղափոխվել, սակայն «տասնյակ մարդիկ արդեն վերադարձել են՝ անհանգստանալով մարտերի դաժանությամբ»:
Նյութում մեջբերվում է սիրիացու խոսքը, որի համաձայն՝ Սիրիայի տարածքից Լեռնային Ղարաբաղ ժամանած գրոհայինները ամսական մինչեւ 2 հազար դոլար վճարում են ստանում: «Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ սիրիացի մարտիկների շրջանում կորուստներն արագ աճում են։ Ղարաբաղ մեկնածներից մոտ 200-ը խնդրել են վերադարձնել իրենց», - գրում է պարբերականը։
Հրապարակման մեջ ասվում է, որ Թուրքիան Ադրբեջանում երկու շաբաթ տեւողությամբ զորավարժություններ է կազմակերպել եւ «Ադրբեջանի իշխանություններին հարվածային անօդաչու սարքեր է տրամադրել»: Պարբերականը նշում է, որ Թուրքիան, ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, ավելի վաղ մոտ 5 հազար զինյալների է ուղարկել Լիբիա:
«Լիբիա կամ Ադրբեջան ուղարկելը նորմալ երևույթ է դարձել։ Մարդիկ արդեն չեն մտածում, թե ինչի համար կամ ում դեմ պատերազմեն, հիմա միայն փողի մասին են հարցնում։ Նրանք կգնան այնտեղ, որտեղ փող կա», - պնդում է սիրիական WSJ-ի աղբյուրը։
Ինչպես նշվում է նյութում, Թուրքիայի իշխանությունները հերքում են սիրիացի գրոհայիններին ուղարկելու մեղադրանքները։ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ չեն գործի օտարերկրյա վարձկաններին։