ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում կմեկնարկի ժամը 16:00-ին. Պեսկով
ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները կմեկնարկեն Մոսկվայում ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 16:00): Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Արտաքին գործերի նախարարները ժամանում են Մոսկվա, և այսօր նրանք կսկսեն աշխատել Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ: Մենք ակնկալում ենք, որ այս հանդիպումը կսկսվի ցերեկվա ժամը երեքին», - ՏԱՍՍ հաղորդմամբ լրագրողներին ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում հանդիպում արտգործնախարարների հետ:
Ինչ վերաբերում է Agence France Press-ի հրապարակմանը, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կարող են զինադադար կնքել արդեն այսօր կամ վաղը՝ շաբաթ օրը, Կրեմլի ներկայացուցիչն ասել է, որ այս մասով դեռ ոչինչ ասել չի կարող: