Թուրքիան կարող է քննարկել զինվորականներին Ղարաբաղ ուղարկելու հարցը. Մուստաֆա Շենտոպ
Թուրքիայի բարձրագույն օրենսդիր մարմինը կարող է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու հարցը, սակայն դրա անհրաժեշտությունը դեռ չկա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենտոպը։
Նրա խոսքով, ադրբեջանական զինված ուժերը ցույց են տվել, որ իրենք ի վիճակի են «ինքնուրույն հաղթանակի հասնել»։ «Այդ պատճառով ես չեմ կարծում, որ նման առաջարկը (հակամարտության գոտում թուրք զինվորականների օգտագործման մասին) անհրաժեշտ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ երրորդ կողմերը չեն ներգրավվել այդ հակամարտության մեջ՝ անտեսելով ՄԱԿ-ի բանաձեւերը», - ասել է Շենտոպը։
Նրա խոսքով, անհրաժեշտ է հարգել միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերը, որոնք պահանջում են «անհապաղ դուրս բերել Ադրբեջանի բոլոր գրավյալ տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերումը»:
«Հակառակ դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի օգտագործել ինքնապաշտպանության իր անքակտելի իրավունքը, որը թույլ է տալիս հավաքական ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Այն դեպքում, եթե Ադրբեջանը խնդրանքով դիմի այդ համատեքստում, այն պատշաճ կերպով կքննարկվի և կլուծվի ինչպես Թուրքիայի նախագահի, այնպես էլ խորհրդարանի կողմից», - ասել է խոսնակը։
Նա հավելել է, որ «ցանկացած պարագայում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին անփոփոխ է բոլոր միջոցներով և ցանկացած եղանակով, որը նա կցանկանա»:
VERELQ-ը հիշեցնում է, որ հայկական կողմի տվյալներով 150 թուրք բարձրաստիճան զինվորականներ Ադրբեջանում ղեկավարում են ռազմական գործողությունները: Համաձայն միջազգային մամուլի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարությունների՝ Մերձավոր Արևելքի երկրներից Թուրքիան վարձկաններ ու ահաբեկիչներ է ուղարկում ԼՂ հակամարտության գոտի: