25.11.2024
Զոհրաբ Մնացականյանը օրվա երկրորդ կեսին կժամանի Մոսկվա. դեսպան
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն արտահերթ նիստ. ռազմական դրության ռեժիմի խախտման համար կազատազրկե՞ն

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել, որը հրավիրվել է կառավարության նախաձեռնությամբ։ Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհվածների հիշատակը:


Օրակարգում երկու հարց է՝ Քրեական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները: Փոփոխությունների փաթեթով նախատեսված է պատժամիջոցների սահմանում, ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվություն ռազմական դրության կանոնների և սահմանված սահմանափակումների խախտման համար:


Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները նախատեսում են զորահավաքի հետ կապված ծառայության մեկնած անձանց աշխատատեղերի պահպանման երաշխիքների սահմանում: Երկու հարցն էլ կառավարության առաջարկով կքննարկվի եւ կընդունվի արագացված 24-ժամյա ռեժիմով։


Հիմնավորելով արագացված ռեժիմով փոփոխություններ կատարելու մասին որոշումը՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ ռազմական դրության ռեժիմի սահմանումը նախատեսել են մի շարք կանոններ և ժամանակային սահմանափակումներ: Սակայն օրենսդրության դիտարկումը ցույց է տվել, որ գործող կարգավորումը ոչ բոլոր դեպքերում է պատժամիջոցներ սահմանում ռեժիմի նորմերը խախտելու համար։ Այս հանգամանքը նվազեցնում է ռազմական դրության ռեժիմի արդյունավետությունը։


Ռազմական դրության սահմանման հետ միասին անհրաժեշտություն է առաջացել կարգավորել հարաբերությունները գործատուների և զորակոչված աշխատակիցների հետ: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կառավարությունում օրինագծերի ընդունումն անհետաձգելի են համարել։