New York Times-ի լրագրողը հայտարարել Է, որ Ադրբեջանում F-16 կործանիչներ է հայտնաբերել
New York Times թերթի հետաքննող լրագրող Քրիստիան Տրիբերտը Twitter-ում հրապարակել է հոկտեմբերի 3-ի արբանյակային պատկերը, որում, նրա խոսքով, երևում է, որ ադրբեջանական Գյանջայի օդանավակայանի տարածքում տեղակայված են առնվազն երկու F-16 կործանիչներ, որոնց օգտագործումը ղարաբաղյան հակամարտությունում հերքում են Բաքվում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտարարել էր, որ թուրքական F-16-ը խոցել է Հայկական Սու-25-ը Հայաստանի օդային տարածքում: Բաքվում և Անկարայում հերքել են այդ տեղեկությունը։
«Ադրբեջանի Գյանջայի միջազգային օդանավակայանում (տեղակայված է - խմբ.) առնվազն երկու F-16 է, ցույց է տվել Planet Labs ընկերության արբանյակային պատկերի մեր վերլուծությունը։ Կործանիչները, ամենայն հավանականությամբ, կառավարվում են թուրքական ՌՕՈՒ-ի կողմից՝ հնարավոր է, CN-235 բեռնատար ինքնաթիռի հետ միասին», - գրել է Տրիբերտը՝ տեղադրելով արբանյակային Պատկեր։
Տրիբերտի խոսքով՝ նման եզրակացություն է արվել մի շարք ինքնաթիռների՝ այդ թվում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կողմից շահագործվող ՄիԳ-21, ՄիԳ-29, Սու-25, Լ-39 տեսողական բնութագրերի համեմատության արդյունքում: Լրագրողի խոսքով՝ լուսանկարում երևում է նաև «ավելի մեծ ինքնաթիռ», որը, «ամենայն հավանականությամբ, CASA CN-235 տրանսպորտային ինքնաթիռ է, որը նույնպես օգտագործվում է թուրքական ռազմաօդային ուժերի կողմից»:
«F-16 կործանիչները կարող են ահազանգել ավելի մեծ տերության՝ Թուրքիայի մասնակցության ուժեղացման մասին՝ Լեռնային Ղարաբաղի պատճառով Հայաստանի և Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսման մասին։ Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի վարձկաններն արդեն կռվում են ադրբեջանական զորքերի հետ կողք կողքի», - հավելել է լրագրողը։