26.11.2024
Ռուսաստանից Հայաստան է ժամանել հատուկ ինքնաթիռ. Մանե Գևորգյան
prev Նախորդ նորություն

Վարչապետ Փաշինյանը մարտակոչով դիմեց վերջին մեկ տարում զորացրված զինվորներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մարտակոչով դիմել է վերջին մեկ տարվա ընթացքում զինվորական ծառայությունից զորացրված մեր տղաներին, որպեսզի վերջիններս ներկայանան կենտրոնական հավաքակայան և զինվորագրվեն:


«Դիմում եմ վերջին մեկ տարվա ընթացքում զինվորական ծառայությունից զորացրված մեր տղաներին, քանի որ համաձայն օրենսդրության նրանք մոբիլիզացիոն ռեսուրսի մեջ չեն մտնում», - ասաց նա՝ հավելելով, որ նրանց թիվը կազմում է շուրջ 10 հազար մարդ:


Նա նշեց, որ վերջին մեկ տարում զորացրվածները հասարակության ամենաամարտունակ մասն են: Այնուհետև Փաշինյանը դիմեց կոչով. «Տղերք, հայրենիքն ունի ձեր կարիքը: Սա մի նոր Սարդարապատ է, սա ոչ թե Ղարաբաղի հարց է, այլ Հայոց ցեղասպանությունը շարունակելու քաղաքականություն»:


Ուստի նրա խոսքով, եթե բոլորն այսօր ոտքի չկանգնեն, «մենք ենթարկվելու ենք ցեղասպանության»: «Սակայն ես ասել եմ, որ մենք Դեր Զորի ճամփորդը չենք և Հայաստանի քաղաքացին պիտի կարողանա պաշտպանել իրեն», -ասաց նա:


Վարչապետը նաև նկատեց, որ նրանք ուղղակի մարտական հերթապահության չեն կանչվում, այլ կենց մահու կռիվ տալու:


«Իրենք հրավիրվում են հայրենիքի համար կենց մահու կռիվ տալու: Նրանք ովքեր դեռ պահպանել են իրենց զինվորական հագուստները, թող ներկայանան իրենց հագուստներով, ձմեռային բաճկոններով և անհրաժեշտ փաստաթղթերով», - ասաց նա:


Վարչապետը նկատեց, որ բոլոր համապատասխան հանձնարարականները տրված են և նրանց զինվորագրման գործընթացը տեղի կունենա կազմակերպված: