Հակառակորդը կորցրել է «Սմերչ», «Ուրագան»,«ՏՕՍ 1» տիպի հրանետ և 11 տանկ. ՊՆ
Օրվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվել են մարտական գործողությունները: Այդ մասին հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները իրենց հմուտ գործողություններով շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել նախահարձակ թշնամուն, ինչի արդյունքում հակառակորդը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ, հյուսիսային և հարավային ուղղություններում՝ 1-ական «ՏՕՍ 1» տիպի հրանետ, 11 տանկ, 3 ՀՄՄ և 6 զրահափոխադրիչ», - ասված է նրա գրառման մեջ:
Միևնույն ժամանակ ՊՆ-ն հայտարարել է, որ պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվող տեղեկատվությունը, թե, իբր, այսօր հայկական կողմն օգտագործել է Տոչկա-ՈՒ հրթիռային համակարգ, «ակնհայտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»:
«Միաժամանակ, խստորեն զգուշացնում ենք՝ եթե ադրբեջանական կողմը իբր պատասխան հարված հասցնելու պատրվակով մտադիր է օգտագործել այս ապատեղեկատվությունը և կիրառել նմանատիպ կամ ավելի մեծ տրամաչափի ու հեռահարության հրթիռային համակարգ, ապա հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային, հուժկու և խիստ կործանարար», - հայտնում են ՊՆ-ից: