Արմեն Սարգսյանը նամակներ է ուղարկել արաբական աշխարհի մի շարք երկրների ղեկավարներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների առնչությամբ նամակներ է հղել արաբական աշխարհի մի շարք երկների ղեկավարների: Այդ մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
Նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդալ Ֆաթթահ Ալ Սիսիին:
«Ցավով և մեծ դժգոհությամբ պետք է Ձեզ տեղեկացնեմ, որ Ադրբեջանը հերթական հարձակումն է սկսել Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակչությանը: Մինչ ես գրում եմ այս նամակը, երկու կողմերում էլ տասնյակ քաղաքացիական անձինք և զինվորականներ արդեն սպանվել են կամ վիրավորվել»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ նախորդ ամիսներին Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես բարձրաձայնել է իր մտադրությունը՝ լուծելու հակամարտությունը պատերազմի միջոցով:
Հանրապետության նախագահը դիմել է Եգիպտոսի գործընկերոջը՝ օգտագործելու միջազգային հարթակներում ունեցած կապերն ու հեղինակությունը, որպեսզի րոպե առաջ դադարեցվեն արյունահեղությունն ու մարդկային տառապանքները:
«Հակամարտությունը կարող է և պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով: Այն չունի ռազմական կարգավորում: Մենք ապացուցել ենք դա նախկինում և կապակցուցենք կրկին»,- ասվում է նամակի եզրափակիչ հատվածում: