ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը 3-րդ ուժերին նախազգուշացրել է ԼՂ հակամարտությանը միջամտելուց
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) սեպտեմբերի 29-ի երեկոյան Վիեննայում Մշտական Խորհրդի հատուկ նիստ է անցկացրել՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի իրադրությունը, հաղորդում է Deutsche Welle-ն:
Հանդիպմանը ներկա էին ԵԱՀԿ 57 անդամ պետությունների ներկայացուցիչներ: Բացելով հանդիպումը՝ Մշտական խորհրդի նախագահ Իգլի Հասանին կրկին տագնապ է հայտնել շփման գծում շարունակվող բախումների եւ իրավիճակի վատթարացման կապակցությամբ: Նա մտահոգություն է հայտնել զոհերի աճող թվի կապակցությամբ եւ կրկնել հակամարտության անհապաղ ապաէսկալացման ԵԱՀԿ կոչը:
Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է հայ-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակի մասին՝ նշելով, որ տեղեկատվություն է ստանում անմիջապես իրադարձությունների վայրից եւ տեղի իրազեկիչներից ամենաբարձր մակարդակով: Կասպրշիկը նշել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է իր ներկայացուցիչներին ուղարկել հակամարտության գոտի եւ վերսկսել դիտարկումը, հենց որ թույլ տա իրավիճակը:
Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչները վերահաստատել են համանախագահների կոչը բոլոր կողմերին՝ անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերսկսել բանակցությունները՝ հակամարտության կայուն կարգավորման ուղիներ գտնելու համար:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ջեյմս Գիլմորը երրորդ ուժերին նախազգուշացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությանը միջամտելուց1 նշելով, որ այն կարող է հանգեցնել միայն տարածաշրջանում իրավիճակի սրմանը: