ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը տեղի կունենա անհրաժեշտության դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի"-ն։
Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել կիրակի օրը, որի ընթացքում նշել են, որ կարևոր են գործի դրվել բոլոր ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում էսկալացիա թույլ չտալու համար:
«Անհրաժեշտության դեպքում դրանք, իհարկե, տեղի կունենան։ Բայց ես եւս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մշտական շփումների մեջ է եղել իր գործընկերների հետ և Բաքվում, և Երեւանում", - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ նախագահը մտադիր է շփումներ ունենալ Ադրբեջանի ղեկավարի հետ:
Նա նաև հայտարարել է, որ Կրեմլում կարծում են, որ այժմ ժամանակը չէ հասկանալ, թե ով է ճիշտ, իսկ ով է մեղավոր Լեռնային Ղարաբաղում սրման համար, կարեւոր է դադարեցնել ռազմական գործողությունները:
«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է և, իհարկե, կատարելով նման պատրաստ միջնորդի դերը կարգավորման հարցում, իսկ նման պատրաստակամությունը ընդգծվել է ամենատարբեր մակարդակներում, շեշտադրվել է։ Հիմա շատ կարևոր է առաջին հերթին հենց դադարեցնել մարտական գործողությունները, այլ ոչ թե հասկանալ, թե ով է ճիշտ, իսկ ով է մեղավոր։ Ռուսաստանը միշտ հավասարակշիռ դիրքորոշում է ունեցել։ Հենց այդ դիրքորոշումն է Ռուսաստանին հնարավորություն տալիս օգտագործել իր ազդեցությունն ու ավանդական բարիդրացիական հարաբերությունները երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ կարգավորելու այդ հակամարտությունը», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում կա ըմբռնում, թե ով է եղել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման նախաձեռնողը եւ ով է եղել դրանում շահագրգռված:
Նա ընդգծել է, որ Մոսկվան կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում եւ գործընթացը տեղափոխել քաղաքական-դիվանագիտական հուն: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակը Ռուսաստանի եւ այլ երկրների «լրջագույն անհանգստության առիթ» է դարձել։