ՌԴ-ն կոչ է անում հաշվենկատ լինել ԼՂ հակամարտության մասին հայտարարություններում
Ռուսաստանը բոլորին կոչ է անում հաշվենկատ լինել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հռետորաբանությունում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Կոչ ենք անում բոլոր խաղորդներին՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին, դրսևորել առավելագույն զսպվածություն, այդ թվում՝ հռետորաբանության հարցում։ Այժմ պետք է լինել հաշվենկատ և զգուշավոր՝ անհապաղ հասնելու կրակի դադարեցման և վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջ»,- հայտարարել է Ռուդենկոն։
Սեպտեմբերի 27-ին շփման գծում իրավիճակը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով քննարկել է ՌԴ նխագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Մինչ այդ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել հայ եւ ադրբեջանցի գործընկերների՝ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ: Երկու դեպքում էլ կոչ է արվել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը՝ հարձակման անցնելով շփման գծի ողջ երկայնքով։ Երեւանն ավելի վաղ նշել էր, որ Ադրբեջանը մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներ է կրում՝ շուրջ 200 զոհված զինվորական, 4 ուղղաթիռ, 33 միավոր զրահատեխնիկա եւ 27 անօդաչու թռչող սարք:
Հայտնի է նաեւ հայ զինվորականների կողմից 11 միավոր զրահատեխնիկա գրավելու մասին: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի վերջին տվյալներով, մարտական գործողությունների սկզբից զոհվել է 31 զինծառայող եւ երկու խաղաղ բնակիչ, վիրավորվել է ավելի քան հարյուր մարդ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն եւ համընդհանուր զորահավաք: Ադրբեջանը նաեւ հայտարարել է իր տարածքում ռազմական դրություն եւ մասնակի զորահավաքի մասին: