Մովսես Հակոբյան. Հրադադար առաջարկել է Ադրբեջանը՝ դիմելով ՌԴ-ին
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, Արցախի Պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի կիրակնօրյա վերլուծական թողարկման ժամանակ պատասխանել է հարցին, թե, արդյոք, հնարավոր չէ՞ր կանխատեսել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ նախահարձակ գործողությունները:
«Մեր հետախուզությունը տեղեկություն ուներ, բայց ԼՂՀ սահմանը բավականին երկար է, և կոնկրետ որ ժամին, որտեղ է դա լինելու, կռահելը մի քիչ դժվար է, բայց այն որ կանխատեսել էինք և գիտեինք, որ հակառակորդը դիվերսիոն գործողությունների միջոցով փորձելու է անցնել հարձակման, այդ տեղեկությունը մեր զինված ուժերն ունեցել է և համապատասխան միջոցառումներ իրականցրել են»,-ասաց նա:
Հարցին, ըստ նրա այս հրադադարի ռեժիմը երկարատև կլինի՞, նա ասել է.«Նախ ասեմ, որ հրադադարի առաջարկությունը ներկայացրել է Ադրբեջանը՝ դիմելով Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետին և այս անգամ ևս պետք է փաստենք, որ հայ զինվորը ևս մեկ անգամ պարտադրեց հակառակորդին հրադադար: Թե որքան կտևի այս իրավիճակը կանխատեսել դժվար է, բայց այն, որ Պաշտպանության բանակը հայկական զինված ուժերն այսուհետ ևս պատրաստ են կանխելու հակառակորդի նման ոտնձգությունը, դա փաստ է: Կարծում եմ, որ հակառակորդն այս գործողություններից հետևություն կկատարի և եթե ևս մեկ անգամ փորձի նման ձևով լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը՝ իրեն տրված պատասխանը կլինի ավելի կոշտ և ավելի խիստ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ստեփանակերտ հասնելու Ադրբեջանի մտադրությանը, ապա Մովսես Հակոբյանն ասաց, որ դա երազանքի ժանրից է, որովհետև Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ կռվելու է հայկական բանակի հետ և ամեն մի հողի համար զինվոր կա: Նա ասաց, որ հակառակորդը գործել է գաղտնի, գիշերը դիվերսիոն երկու հատուկ նշանակության բրիգադի ուժերով և փորձել է գործել չորս ուղղությոուններով. երկու ուղղություններով հաջողություն չի ունեցել, իսկ երկու ուղղությունում սկզբնական շրջանում ունեցել է հաջողություն, այնուհետև Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումները մարտի են բռնվել մխրճված հակառակորդի հետ և կագնեցնել նրանց առաջխաղաղցումը:
Ինչ վերաբերում է փոխօգնության ռազմական համաձայնագրի կնքման անհրաժեշտությանը՝ Մովսես Հակոբյանն ասաց, որ ՀՀ Նախագահը հստակ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի զինված ուժերի պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար և սրանից բխող բոլոր գործառույթներն իրականացրել է և այսուհետ ևս իրականացնելու է: