24.11.2024
Կոմանդոսը համախմբում է աշխարհի հայազգի գեներալներին
prev Նախորդ նորություն

100 LIVES կոչ է անում միջազգային առաջնորդներին մտահոգվել Արցախի բնակչության անվտանգությամբ

100 LIVES եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնության հիմնադիրները Լեռնային Ղարաբաղի իրադրությանն առնչվող հայտարարություն են տարածել, որում մասնավորապես նշված է. «Նախորդ շաբաթվա մարտերն ու դաժանությունները խիստ մտահոգել են մեզ՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության առումով: Զոհերը մեծ ցավ բերեցին»:

«Մենք՝ 100 LIVES նախաձեռնության եւ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հիմնադիրներս, մշտապես հավատարիմ ենք համընդհանուր խաղաղությանը, մարդու իրավունքներին եւ համարում ենք, որ բոլոր մարդիկ ունեն արժանապատիվ կյանքի իրավունք։ Նախորդ շաբաթվա մարտերն ու դաժանությունները խիստ մտահոգել են մեզ՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության առումով: Զոհերը մեծ ցավ բերեցին:

Սթափեցնող այդ իրադարձությունները ի ցույց են դնում միջազգային հանրությունը համախմբելու եւ բռնության զոհերին բոլորիս աջակցությունը հայտնելու անհրաժեշտությունը՝ լինեն դրանք Արցախում, թե աշխարհի այլ կետերում։

Ապրիլի վերջին միջազգային հարյուրավոր առաջնորդներ են ժամանելու Երեւան՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ «Ավրորա» մրցանակի միջոցով մեծարելու մերօրյա հումանիստներին, որոնք սեփական կյանքը վտանգելով փրկում են ուրիշներին։ Նախորդ շաբաթվա ընթացքում ակնհայտ դարձավ, որ հիմա, առավել քան երբեւէ, կարեւոր է ճանաչել եւ մեծարել այն բացառիկ մարդկանց՝ հերոսներին, որոնք պայքարում են համընդհանուր արժեքների համար եւ անձնվիրաբար փրկում են մարդկային կյանքեր: Նրանց պատմությունները խավար պահերի լույսի շողերն են եւ վերահաստատում են, որ բռնությունը ոչ մի դեպքում չի կարող լուծում լինել։

Պատմության ընթացքում հայերը երբեք չեն ընկճվել՝ նույնիսկ երբ սգում էին իրենց զոհերին: Ապրիլի 24-ին միջազգային հանրությունն ականատեսը կլինի վերածնված մի ազգի՝ հպարտ իր անցյալով եւ հայացքն առ լուսավոր ապագան: Մենք մեծ սիրով սպասում ենք այդ առաջնորդներին Երեւանում՝ փառաբանելու «Ավրորա» մրցանակի հավակնորդների բացառիկ ներդրումը մարդասիրության ոլորտում», - ասված է հայտարարությունում: