Այն, ինչ մենք լսում ենք Ադրբեջանի կողմից, պատերազմի ընտրությունն է: Սա Ադրբեջանի կողմից խաղաղ բանակցությունների տապալում է՝ ի վնաս խաղաղ գործընթացի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով նախապես ծրագրված լայնածավալ հարձակում է: Այս մասին «Ալ Ջազիրա» լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան:
«Մենք հետևողականորեն պնդում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքը մեր ժողովրդի անվտանգությունն է, և ևս մեկ անգամ ապացուցվեց, որ մենք պետք է ապահովենք անվտանգությունը մեր հայրենակիցների՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, ովքեր հաստատակամ են հակադարձելու այս ագրեսիային՝ իրենց անվտանգությունը, ազատությունը պաշտպանելու համար: Եվ այս ագրեսիան ոչ միայն կանխամտածված էր Ադրբեջանի կողմից, այլև ուղեկցվում է Թուրքիայի մեծածավալ աջակցությամբ, որն իր ռազմական ներկայությունն ունի Ադրբեջանում, որն ի ցույց է դնում իր միակողմանի աջակցությունն Ադրբեջանին և ագրեսիվ դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ: Սա չափազանց մտահոգիչ է, սա լայնածավալ էսկալացիա է, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»,- ասել է Մնացականյանը:
Նախարարը նշել է, որ հայկական կողմը մտադիր չէ իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն լարվածության աճի: Հայաստանը շատ հաստատուն է եղել իր այն դիրքորոշման մեջ, որ լուծումը հնարավոր է բացառապես խաղաղ միջոցներով, բացառապես փոխզիջման հիման վրա:
«Մենք չենք անի մի բան, որը կհակասի մեր հռչակած մտադրություններին: Ինչպես ասացի, մեզ համար ամբողջ խնդիրը մեր հայրենակիցների անվտանգությունն է: Նրանք շատ հաստատուն և վճռական են՝ պաշտպանելու իրենց, և Հայաստանը շարունակում է մնալ նրանց անվտանգության վճռական երաշխավորը: Մենք հորդորում ենք Ադրբեջանին վերջ դնել այս ագրեսիային, գալ ողջամտության դաշտ և վերադառնալ խաղաղ գործընթացին»,- շեշտեց նա:
Պատասխանելով հարցին, թե պաշտպանվելու առումով Հայաստանն ի՞նչ դիրքերում է գտնվում, Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու է իր յուրաքանչյուր թիզ հողը և իր անվտանգությունը, և Հայաստանը երաշխավորն է այդ ամենի: Ուժի սպառնալիքը բնորոշ է Ադրբեջանի կառավարության և Բաքվի ռեժիմի բառապաշարին, վերջին անգամ այն արտահայտվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, և նրանք այժմ պարզապես դա արտահայտում են իրենց գործողություններով: Բայցևայնպես, նրանք այս անգամ ևս հետ կշպրտվեն:
Անդրադառնալով բանակցություններին, նախարարը հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետը հետևողականորեն պնդել է, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրի համար, այն է՝ փոխզիջման վրա հիմնված լուծում, և ոչ թե լուծում, որը բավարարում է միայն մեկ կողմի պահանջները: Վերջինս լիովին մերժված է: Ըստ նրա, Ադրբեջանը երբեք չի փոխադարձել փոխզիջումային լուծման մեր կոչին. նրանք նախընտրում են ռազմական լուծումը, նախընտրում են ագրեսիան: Եվ այն, ինչի ականատեսն ենք լինում հիմա, Ադրբեջանի այս հետողական քաղաքականության դրսևորումն է:
«Այս բանակցությունների շրջանակներում, եթե Ադրբեջանն այդքան «վճռականորեն» մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին, ապա կոչ եմ անում Ադրբեջանին անմիջապես համաձայնել հետաքննության և ռիսկերի նվազեցման մեխանիզմների և հրադադարի խախտման մշտադիտարկման մեխանիզմների ներդրմանը, որի վրա մենք այսքան տարի պնդում ենք, իսկ իրենք հրաժարվում՝ քողարկելու համար իրենց ռազմական և ագրեսիվ մտադրությունները, և ներքաշվելու մեղադրանքների խաղի մեջ, ինչպես անում են հիմա։ Եթե իրենք ցանկանում են լարվածության թուլացում, ապա պետք է համաձայնեին այդ մեխանիզմների ներդրմանը: Անգամ այժմ կարող են համաձայնել այդ մեխազնիմներին, որոնք կարող են ամրապնդել հրադադարի ռեժիմը և ռիսկերի նվազեցումը։ Ուստի, կրկին հանդես ենք գալիս այդ կոչով, որն ամբողջությամբ մերժվել էր Ադրբեջանի կողմից, իսկ իրենց կողմից առաջարկվող մեղադրանքների այս խաղը, որը նրանք փորձում են պարտադրել մեզ, ամբողջությամբ մերժվելու է։ Իրենք կրում են ներկայիս իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը»,- հավելել է ԱԳ նախարարը։