Արցախի դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան: Կիրառվում է թուրքական ժամանակակից զինտեխնիկա, ԱԹՍ-ներ և F-16 ռազմական ինքնթիռներ: Այդ մասին Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ամփոփելով իրավիճակը սահմանին:
«Այո, պատերազմ մենք սպասում էինք։ Հարձակումը շփման գծի մաբողջ երկայնքով մեկ էր՝ Օմարից մինչև Արաքս», - ասել է նա՝ հայտարարելով, որ ՊԲ-ն հիմնականում պատրաստ էր պատերազմին առավոտյան յոթին։
Նա հայտնել է կորցրած դիրքերի մասին: «Ունենք կորցրած դիրքեր՝ հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում։ Ունենք տասնյակ զոհեր։ Ունենք տասնյակ վիրավորներ։ Ունենք վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում։ Ունենք զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում», - ասել է Արցախի նախագահը՝ հավելելով, որ ձեռագիրը նույնն է, ինչ ապրիլյան օրերին, բայց մասշտաբները անհամեմատելի են։
Նա հայտարարել է, որ Արցախի դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան։ «Օգտագործում են թուրքական բանակի հիմնական ժամանակակից զենքերն ու զինամթերքը», - ասել է նա՝ հավելելով, որ կա տեղեկատվություն թուրքիան F-16 կործանիչի խոցման մասին։ «Ունենք հետախուզության տվյալներ և նաև չհաստատված փաստ թուրքական ինքնաթիռի խոցման», - ասաց նա:
Նրա խոսքով, ՊԲ-ն պատվով կատարում է իր առջև դրած խնդիրները: Նախագահը նաև հայտարարել է, որ պատերազմի արդյունքները կոնկրետ մեզ համար կանխատեսելի են։ «Այն ծրագիրը, որն ունի թշնամին, ձախողվելու է», - ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանն ունի հարյուրավոր կորուստներ։ «Տասնյակ տեխնիկա, տասնյակ անօդաչու սարքեր, ուղղաթիռներ», - ասել է նա՝ հավելելով, որ տանսյակ ուղղաթիռներ, ամեն րոպե խփվում են։
«Ամենակարևորը՝ օգտագործվում են թուրքական ժամանակակից անօդաչու սարքեր, որոնցով Թուրքիան հպարտանում էր վերջին ամիսներին», - ասել է նա՝ կոչ անելով պատրաստ լինել պատերազմի բոլոր սցենարներին՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ։
VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Արցախի բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ անցնելով հարձակման շփման գծի ողջ երկայնքով։
Հայտնի է հակառակորդի կողմից ուղղաթիռների, տանկերի եւ անօդաչուների կորստի մասին։ Հակառակորդն ունի նաև կենդանի ուժի կորուստներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: