Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 25-ին որոշեց բավարարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը:
ԱԱԾ ներկայացրած միջնորդության քննությունն ընթացավ շուրջ 9 ժամ։ Ծառուկյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավորին, ինչը, սակայն, մերժվել էր։
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանն ասաց, որ ըստ մեղադրող կողմի՝ կալանավորելու հիմքը Ծառուկյանի կողմից քրեական գործի ընթացքին խոչընդոտելոի ռիսկն է։
VERELQ-ը հիշեցնում է, որ ԱԺ-ն հունիսի 16-ին փակ գաղտնի քվեարկությամբ համաձայնություն է տվել ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և կալանավորելու վերաբերյալ: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացված միջնորդություններում խնդրել է խորհրդարանի համաձայնությունը, որպեսզի Գագիկ Ծառուկյանի դեմ մեղադրանք առաջադրվի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրողներին կաշառելու կազմակերպման և նրան ազատությունից զրկելու համար:
ՀՀ ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանի հետ կապված միանգամից երեք քրեական գործ է հարուցել։ Դրանցից մեկը վերաբերում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրողներին կաշառելու դեպքերին։ ԱԱԾ-ի տվյալներով ՝ դրանում ներգրավված են եղել ԲՀԿ ղեկավար կազմն ու կուսակցության անդամները։
Հունիսի 21-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը:
Ընդ որում, գլխավոր դատախազությունից հայտնել են, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։
Սեպտեմբերի 23-ին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նիստը չկայացավ։ Հետաձգման պատճառն այն էր, որ փաստաբանները պատշաճ կերպով տեղեկացված չէին։ Դատարանը պնդումէ հակառակը:
Գագիկ Ծառուկյանն ու նրա կողմնակիցները կարծում են, որ այդ քրեական գործերը քաղաքական հետապնդում են՝ ի պատասխան կառավարության հասցեին հնչած քննադատությունների և հրաժարականի կոչերի։