Միքայել Մինասյանը կկալանավորվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը:
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՊԵԿ-ը հանդես էր եկել հաղորդագրությամբ, որում նշվում էր, որ բազմադրվագ քրեական գործի դրվագներից մեկով՝ բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել Միքայել Արայի Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), 314.3- րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Մասնավորապես, քրգործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Միքայել Մինասյանը հանդիսանալով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, հաշվետու ժամանակահատվածում, այն է 2017-2018թթ. ընթացքում, միլիոնավոր դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, այսինքն ապօրինի հարստացել է: