Պաշտոնյաների հայտարարությունները դուրս են գալիս պետականության սահմաններից. Վանեցյան
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, մեկնաբանությունները պարբերաբար դուրս են գալիս պետականության ընկալման սահմաններից։ Այս մասին ասված է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի խոսքում, որը հրապարակվել է Hraparak.am-ում:
«Ես ուզում եմ, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները, նաև ոչ իշխանական ազդեցիկ ուժերի ղեկավարները, հստակ իմանան, որ այդ բոլոր մտքերը մեր հարևան, բարեկամ և ոչ բարեկամ ու նաև թշնամի պետություններում արձանագրվում են, վերլուծվում, քննարկվում են տարբեր ծառայություններում, տարբեր աշխատասենյակներում։ Եվ նաև այդկերպ են ձևավորվում մեր պետության ընթացիկ վիճակի ու հեռանկարի մասին պատկերացումները։ Երկար ամիսներ չդադարող լայվը շատ մեծ վնաս է հասցրել մեր պետությանը, և տարբեր մակարդակի պաշտոնյաներ շարունակում են անել նույնը։
Սա զավեշտի կամ հումորի թեմա չէ. սա ազգային անվտանգությանն ուղիղ հարվածող խնդիր է։ Ես դժվար եմ գտնում բառեր՝ նկարագրելու այդ վտանգավորության չափը։ Այլ պետություններում պարտավոր չեն հասկանալ, որ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան, նախարարը, պատգամավորը պատահականության արդյունք են, և նրանց Հայաստանում արդեն լուրջ չեն վերաբերվում. դրսի աշխարհը նրանց ընկալում է որպես Հայաստանի Հանրապետության պաշտոնական դեմքեր։ Էլ չեմ խոսում, թե առանց հասկանալու ինչ գաղտնիքներ են հրապարակվում, ինչ հարաբերություններ են վնասվում, ինչ պրոցեսների են խանգարում կամ օգնում։
Որպես ժամանակավոր լուծում, քանի դեռ այս իշխանությունն է, առաջարկում եմ՝ քիչ խոսել Արցախի, Ապրիլյան պատերազմի, Տավուշի ռազմական գործողությունների, բանակի, ՀՀ ընդհանուր անվտանգության համակարգի, սփյուռքի մեր լոբբիստական կարողությունների և որոշ այլ թեմաների մասին։ Կրկնում եմ՝ սա ժամանակավոր լուծում է»,-ասել է Արթուր Վանեցյանը: