Ես շատ ցավում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը օրեցօր խորացող լրջագույն խնդիրները լուծելու փոխարեն իր թիվ մեկ օրակարգային հարցն է սարքել «Բարգագաճ Հայաստան» կուսակցությանը, Գագիկ Ծառուկյանին ու խմբակցության պատգամավորներին։ Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ մենկաբանելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այսօրվա հայտարարությունը:
Նրա խոսքով, հարյուրավոր քննիչներ իրենց գործը թողած լծվել են, կամ ավելի ճիշտ՝ «այդ մարդկանց, շատերին իրենց կամքին հակառակ, լծել են ԲՀԿ-ի վրա գործեր պեղելու առաքելությանը, հատուկ ծառայությունները մեկը մյուսի հետեւից բյոյեվիկ սյուժեներ են մոնտաժում կեղծ ցուցմունքների եւ կոնտեքստից կտրված հեռախոսագաղտնալսումների վրա»։ Սա, ըստ Նաիրա Զոհրաբյանի, իրապես ողբերգություն է, երբ քաղաքական հաշվեհարդարը սարքել են ֆիքս իդեա ու մոռացել երկրին ու քաղացաքուն, ով իր բազմաթիվ խնդիրների հետ մնացել է լուսանցքում։
«Հիմա Լիլիթ Մակունցը, իր թիմակիցներին իրականություն վերադարձնելու ու ժողովրդի ծայահեղ սոցիալական խնդիրների լուծմամբ զբաղվելու, իրենց ալպինիստ նախարարին պեղելու եւ երկրում չհաղթահարված համաճարակի խնդիրիներին վերադարձնելու, 1000-ից ավելի մահերի համար պատասխատվություն կրելու, ամեն օր կառավարության դիմաց բողոքի ցույցեր անող մարդկանց խնդիրներով զբաղվելու փոխարեն կրկին մտասեւեռվել է «Բարգավաճ Հայաստանի» վրա։ Մի՛ արեք, տիկին Մակունց, պարզապես մի արեք։
Մենք, ի տարբերություն ձեզ, որ հայտնի չէ, թե ինչ կասկածելի օրակարգեր եք սպարսարկում, սպարսարկում ենք բացառապես Հայաստանի եւ ՀՀ քաղաքացու օրակարգը։ Ու այդ մեթոդները՝ քաղաքական ընդդիմախոսությանը քաղաքական հաշվեհարդարներով պատասխանելու գործելաոճը, հավատացնում եմ ձեզ, շատ կարճ կյանք ունի։ Բարեկամական հորդորս է՝ վերադարձեք իրականություն, հանդիպեք մարդկանց ու լսեք, թե անգամ ձեր ամենամոլի երկրպագուները այսօր ինչ են ասում իրենց կոտրված հավատի ու վստահության մասին։ Նրանք, հարգելի Լիլիթ, ՊՈԱԿ-ի ու ձեր խմբակցության «տղամարդ» պատգամավորի կողմից ռեգուլիռովկա արվող ֆեյքերը չեն, այլ իրական մարդիկ, ովքեր ձեզ բերեցին իշխանության։
Այլապես գործեր հարուցելով, պատերին ծեփելով, ասֆալտին փռելով դուք ոչ մեզ կվախեցնեք, ոչ էլ, որ շատ ավելի կարեւոր է, ժողովրդի հարցերը կլուծեք»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ Լիլիթ Մակունցն այսօր հայտարարել է, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինչպես 2015 թվականին, այնպես էլ հիմա գտնվում է տարբեր ուժերի ազդեցության տակ: Թեև դժվարացել է պատասխանել, թե դրանք հատկապես ինչ ուժեր են: