Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 3-ին՝ ՌԴ մեկնելու պահանջով բողքի ակցիա իրականացնող քաղաքացիներին ասել է՝ իր գրասենյակը սահման բացելու գործառույթ չի իրականացնում:
«Տվյալ խնդրով իրենք որեւէ իրավասություն չունեն զբաղվելու եւ կան համապատասխան մարմիններ, որոնց զբաղվում են», - ասաց Զարեհ Սինանյանը՝ հորդորելով քաղաքացիներին դիմել ԱԳՆ:
«Մենք բանակցություններ չենք վարում, զբաղվում ենք Հայաստան-Սփյուռք կապերով, այս քաղաքացիները չեն կարող հետ վերադառնալ օբյեկտիվ պատճառներով` համավարակով պայմանավորված։ Պետք է դիմել Արտաքին գործերի նախարարություն կամ պարետատուն, մենք սահման բացելու գործառույթ չենք իրականացնում, կամ որոշելու` Ռուսաստանն ում է ներս թողնում, ում չէ՞», - ասել է նա։
Նա նշեց, որ հայկական կողմն այս հարցով որոշակի քայլեր իրականացնում է, սակայն մանրամասները կարող են հայտնել ԱԳՆ-ից:
Նշենք, որ Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները դարձյալ բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց: Արդեն մոտ 6 ամիս է ՌԴ քաղաքացիներն, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք ցանկանում են մեկնել Հայաստանից եւ բողոքի ակցիա են իրականացնում փակ սահմանները բացման համար։
Պահանջը, որ ներկայացնում են ակցիայի մասնակիցները մեկն է՝ հստակ պատասխան, թե ե՞րբ են բացվելու սահմանները, որպեսզի իրենք հասնեն իրենց հարազատներին: Նրանք նշում են, որ այս հարցով առաջին անգամ չէ, որ դիմում են կառավարությանը, բայց որևէ պատասխան չեն ստացել:
Ավելին՝ հույս չունեն, որ արտակարգ դրության ավարտից հետո սահմանները կբացվեն ու այս հարցը կկարգավորվի:
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, ասել է, որ ՌԴ կառավարության 2020թ մարտի 16-ի Կարգադրությմամբ սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների այն կատեգորիաները, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի սահմանափակումների շրջանակներում կարող են այցելել Ռուսաստանի Դաշնություն։
«Դրանք են, ի թիվս ՌԴ քաղաքացիների, վերջիններիս ընտանիքի անդամները, խնամակալները և հոգաբարձուները՝ վավեր անձը հաստատող և հարազատության աստիճանը վկայող փաստաթղթերի ներկայացման դեպքում, բուժման նպատակով ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիները՝ կրկին անձը հաստատող փաստաթղթի և Ռուսաստանում բուժհիմնարկի կողմից համապատասխան հրավերի առկայության դեպքում, ինչպես նաև Ռուսաստանում մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները։
Նշեմ, որ ՀՀ կառավարությունը շարունակում է ռուսաստանյան կողմի հետ աշխատանքներ տանել ինչպես ՀՀ-ՌԴ միջև կանոնավոր ավիափոխադրումների վերականգնման, այնպես էլ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի հանման կամ չեղարկման ուղղությամբ։ Այս առումով աշխատանքները շարունակվում են, և այս պահի դրությամբ որևէ հստակ ժամկետներ չեմ կարող հայտնել», - ասել է նա։