Արսեն Թորոսյանը հրաժարական չի ներկայացրել, նախարարը վերադառնալու է աշխատանքին. խոսնակ
Երեկ ողջ օրը լծված եմ եղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը հերքելով: Բայց, արի ու տես, որ լրատվամիջոցների որոշ շրջանակ չի հանգստանում և մեկը մյուսի հետևից ավելի «կատարելագործված» ստեր է տարածում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Նախ սկսենք այնտեղից, որ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ կայուն,դեպքերը սկսել են փոքր-ինչ նվազել և իրավիճակը լիովին վերահսկելի է:
Նախարարը վերջին կես տարվա ընթացքում աշխատել է 24/7 ռեժիմով և կարող է օգտվել իր տարեկան հասանելի արձակուրդից: Հավելեմ նաև, որ նա գտնվելու է Հայաստանում:
Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում և չի էլ պատրաստվում: Արձակուրդը վերջանալուց հետո նախարարը վերադառնալու է բնականոն աշխատանքին»,- գրել է նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ մամուլի հրապարակումների՝ վերջին շրջանում լարվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արսեն Թորոսյանի հարաբերությունները, վերջինս հրաժարականի դիմում է գրել, ինչը էլ ավելի է զայրացրել վարչապետին. նա պատռել է դիմումը եւ ասել, թե՝ դու չես որոշում՝ երբ գնաս, ես եմ որոշում։
«Պատմեցին, որ տհաճ խոսակցություն է եղել վարչապետի եւ նախարարի միջեւ։ Վարչապետն ասել է, որ այժմ իրավապահները ստուգում են իր գործունեությունը, եւ եթե պարզվի՝ իրականությանը համապատասխանում են խոսակցությունները, որ Թորոսյանը կոռուպցիոն գործարքների մեջ է խճճված, ապա նա ոչ թե հեռանալու է, այլ՝ պատժվելու։ Խոսակցությունը Թորոսյանը ծանր է տարել եւ այդ դեպրեսիայի պատճառով է նաեւ «ջնջվել» Ֆեյսբուքից»,- գրել էր մամուլը: