Պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
Զեյթունում տեղի ունեցած պայթունից տուժածներից մեկի վիճակը միջին ծանրության է, մյուս տուժողի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Երեւանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի եւ քթոսկրի կոտրվածքներ, մարմնի եւ դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում եւ բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:
Մյուս տուժածը` տղամարդ, ունի մարմնի եւ վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա։
VERELQ-ը հիշեցնում է, որ օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Դեպքի վայրում են գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։