23.11.2024
Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել. փրկարարները եւ ոստիկանության աշխատակիցները կանխել են
prev Նախորդ նորություն

Բռնություն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. ՄԻՊ-ն արագ արձագանքման խումբ է ուղարկել

ՄԻՊ-ն արագ արձագանքման խումբ է ուղարկել «Նուբարաշեն» ՔԿՀ, որի պատժախցում, համաձայն ստացված ահազանգի, օգոստոսի 23-ի առավոտյան դատապարտյալ է ծեծի ենթարկվել քրեակատարողական ծառայողների կողմից: Այդ մասին հայտնում է ՄԻՊ-ի մամուլի ծառայությունը:


Օգոստոսի 24-ին մամուլում լուրեր տարածվեցին, որ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախցում օգոստոսի 23-ի առավոտյան դատապարտյալ է ծեծի ենթարկվել քրեակատարողական ծառայողների կողմից:


Ավելի ուշ Արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում մեկնաբանեց լուրը՝ նշելով. «Ի գիտություն այս հարցով հետաքրքրվողների. Քրեակատարողական հիմնարկներում, օրենքով սահմանված կարգով, պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու նպատակով:


Ներքին կանոնակարգի պահանջների կոպիտ խախտումները բացառելու նպատակով, ըստ անհրաժեշտության, միջացառումներին ներգրավվում են նաև կենտրոնական մարմնի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ հատուկ նշանակության բաժնի ծառայողները»:


Արդեն օգոստոսի 25-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է նույն խնդրի վերաբերյալ ահազանգ: «Դրանից անմիջապես հետո, նույն հարցով ևս մեկ ահազանգ է ստացվել այն մասին, որ քրեակատարողական ծառայողները եղել են դիմակով և գործել են խցում խուզարկություն կատարելու շրջանակում», - ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:


Ահազանգի հիման վրա, հայտնում են ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից, իրականացվել է արագ արձագանքման այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: «Այցի ընթացքում պարզվել է, որ ահազանգով նկարագրված դեպքի պահին պատժախցում գտնվել է ազատազրկված 3 անձ:


Նրանցից բոլորի հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Ազատազրկվածներից մեկը առանձնազրույցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին է փոխանցել գրավոր դիմում տեղի ունեցածի վերաբերյալ:


Արագ արձագանքման այցի ընթացքում տեղի են ունեցել նաև անհրաժեշտ ուսումնասիրություններ:


Այցն ավարտվել է ժամը 21:30-ի սահմաններում, իսկ արդյունքները քիչ առաջ են ամփոփվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում:


Այցի ընթացքում արձանագրվել են այնպիսի տեղեկություններ, որոնք ենթակա են ստուգման Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում:


Արագ արձագանքման այցի արդյունքների և Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած գրավոր դիմումի հիման վրա վաղն առավոտյան Գլխավոր դատախազություն կուղարկվի համապատասխան գրություն, այդ թվում՝ կապված Պաշտպանի աշխատակազմի արձանագրած տեղեկությունները քրեական վարույթի շրջանակում ստուգելու հետ:


Եվս մեկ գրություն կուղարկվի նաև Արդարադատության նախարարություն», - ասված է հաղորդագրությունում: