24.11.2024
Ղրղզստանը բացել է սահմանները Հայաստանի քաղաքացիների համար
prev Նախորդ նորություն

Ջավախքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև

Օգոստոսի 23-ին Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչների և Գարդաբանիի շրջանից ժամանած ազգությամբ ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է եղել: Պատճառը գյուղի արոտավայրերն են, որտեղ իրենց ոչխարի հոտն են արածացրել ադրբեջանցիենրը: Կան տուժածներ և բերման ենթարկվածներ: Այս մասին հայտնում է Վրաստանում գործող հայալեզու «Ալիք մեդիան»՝ հղում անելով Թորիայի բնակիչների խոսքերին:


Այսօր` օգոստոսի 24-ի առավոտից Թորիայի բնակիչները հավաքվել են Նինոծմինդայի շրջանային ոստիկանության շենքի մոտ և պահանջում են ազատ արձակել բերման ենթարկած թորիացիներին: Ըստ նրանց՝ տղաները մեղավոր չեն և ոչ մի տուգանք չպետք է սահմանվի նրանց համար:


«Սարում հունձ էինք անում՝ մոտ 30 հոգով, երբ մոտեցան Գարդաբանիից ժամանած հովիվները, որոնք ամեն տարվա նման ոչխարի հոտը բերել էին մեր սարերում արածացնելու: Մենք պայմանավորվածություն ունեինք, որ արտերը հնձելուց հետո կարող են բերել հոտը: Երբ բարձրացան մեզ հետ խոսելու, մենք անհամաձայնություն ունեցանք, որից հետո նրանք իջան ներքև», — «Ալիքի» հետ զրույցում պատմում է Թորիայի բնակիչ Մերուժան Մալխասյանը:



Մերուժանի խոսքով՝ երբ հովիվները հետ են իջել, ոչխարը քշել են դեռ չհնձած դաշտի մեջ, ինչից հետո հունձ անող թորիացիները 3-4 երեխայի ուղարկել են, որ փոխանցեն՝ ոչխարը դուրս բերեն չհնձած արտից:


«Երեխաներին ծեծել էին, մեկի քիթը կոտրել: Մեծերը իջան պարզելու, թե ինչի են նման բան արել, ինչից հետո քաշքշուկ սկսվեց և վերածվեց ծեծկռտուքի, թեև շուտով և ավարտվեց», — պատմում է Թորիայի բնակիչը:


Նրա խոսքով՝ այդ ժամանակ թորիացիներին են մոտեցել տարածքում հսկող վրաց սահմանապահները, իրենք էլ պատմել են ողջ իրողություն և այդ պահին, «մի 3-4 մեքենայով եկան գարդաբանցիները, դուրս եկան մեքենաներից փայտե ու երկաթե ձողերով ու սկսեցին խփել: Նրանք նաև վրաց սահմանապահներին էին խփում»:


«Քիչ անց եկան ոստիկանությունից, Թորիայի 5-6 բնակիչ կոտրվաքներ և տարբեր վնասվածքներ ունեին, այդ թվում նաև երկու անչափահաս երեխա: Նրանց հիվանդանոց տեղափոխեցին, որից հետո էլ Թորիայի 3 բնակչի ոստիկանական բաժանմունք տեղափոխեցին», - պատմում է Մերուժանը:


Ըստ գյուղացիների նախկինում Թուշեթից եկած եկվորների հետ խնդիր չի եղել և սա առաջին լուրջ միջադեպն է, որի մասին արդեն բոլորը գիտեն, հայտնում է JNEWS-ը: Վրաստանի ՆԳՆ-ի մամլո ծառայությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ՝ երկու կողմից ընդհանուր առմամբ 11 ձերբակալված կա, տարվում է հետաքննություն:



Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել առողջությանը դիտավորյալ թեթև վնասվածք պատճառելով դրվագով, որը պատժվում է տուգանքով կամ ուղղիչ աշխատանքով՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով, կամ տնային կալանք՝ 6 ամսից մինչև 2 տարի, կամ մինչև 3 տարի ազատազրկում և զենքի օգտագործման սահմանափակում: Հետաքննություն է տարվում նաև ՔՕ-ի 225-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նշանակում է խմբակային բռնության կազմակերպում, ղեկավարում և այդ ամենին մասնակցություն: