Արցախ մուտք գործելու համար պարետի թույլտվությունն այլևս անհրաժեշտ չէ
Օգոստոսի 12-ին ըստ Արցախի Հանրապետության նախագահի ստորագրած հրամանագրով՝ արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս մեկ ամսով, մտցվել են նոր կարգավորումներ։
Այժմ արդեն Արցախի քաղաքացի չհանդիսացող այլ երկրների քաղաքացիների համար այլևս պարետի թույլտվություն անհրաժեշտ չէ՝ Արցախ մուտք գործելու համար։ Նրանք միայն պարտավոր են ունենալ 72 ժամ վաղեմությամբ ՊՇՌ թեստ՝ բացասական պատասխանով։ Մինչև 6 տարեկան երեխաների համար թեստ հարկավոր չէ, հայտնում է Սիվիլնեթը։
Մեղմվել են նաև հանրային միջոցառումների կազմակերպման սահմանափակումները: Եթե մինչ այս փակ տարածքներում թույլատրվում էր մինչև 20 մարդու ներկայություն, ապա այժմ այդ թիվը կարող է հասնել մինչև 40-ի։ Իսկ բաց տարածքներում, ի տարբերություն նախկին 60 հոգու, թույլատրվում է մինչև 100 մարդու մասնակցություն։
Նշվում է նաև, որ պարետի իրավասության տակ գործում է օպերատիվ արձագանքման խումբ, որը օգնում է վերահսկողություն իրականացնել։