Հաջորդ շաբաթ հումանիտար աջակցության ևս 2 թռիչք կիրականացվի. Փաշինյան
Օգոստոսի 8-ի երեկոյան Երեւանից տեղի կունենա առաջին թռիչքը Բեյրութ, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկի Լիբանանի Հանրապետության կառավարությանը: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հաջորդ շաբաթվա ընթացքում կիրականացվի հումանիտար աջակցության եւս 2 թռիչք: Բեյրութ կմեկնի նաև ՀՀ կառավարության, Ազգային ժողովի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը»,- գրել է վարչապետը Facebook-ի իր էջում:
VERELQ-ը հիշեցնում է, որ հզոր պայթյուններ են որոտացել օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստային գոտում։
Այս պահին հաղորդվում է աղետի հետեւանքով 149 զոհվածների եւ մոտ 5 հազար տուժածների մասին: 300 հազար քաղաքացիներ անօթեւան են մնացել, պայթյունի հետեւանքով վնասը գնահատվում է առնվազն 3 մլրդ դոլար:
Զոհվածների թվում կա 11 հայ:
Բեյրութի նավահանգստում պայթյունի ալիքը քանդել է հսկայական քանակությամբ շենքեր, կոտրվել են ապակիներն ու դռները։ Վնասվել է միջազգային օդանավակայանի շենքը։ Պայթյունները զգացել են նույնիսկ Կիպրոսում։
Լիբանանի իշխանությունները հայտարարել են, որ Բեյրութի նավահանգստային գոտում հզոր պայթյունների պատճառ են դարձել 6 տարի առաջ մաքսային ծառայությունների կողմից առգրավված և պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան:
Լիբանանի պաշտպանության բարձրագույն խորհուրդը Բեյրութն աղետի գոտի է հայտարարել եւ նախարարների կաբինետին խորհուրդ է տվել մայրաքաղաքում երկշաբաթյա արտակարգ դրություն հայտարարել: