24.11.2024
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները կտեսակցեն Հաչյա Հարությունյանին
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Չի բացառվում, որ Հայաստանը ռուսական գազի դիմաց ռուբլով վճարվի

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ համացանցում տարածվեց մի ձայնագրություն, որի հեղինակները ներկայանում են իբրեւ «ՀՀ ՊԵԿ մի խումբ աշխատակիցներ»: Անանուն հեղինակը ընթերցում է մի գրություն, որը ներկայացվում է իբրեւ բաց նամակ՝ հասցեագրված Հայաստանի ԶԼՄ-ներին եւ Սերժ Սարգսյանին: Նամակն ամբողջությամբ կոմպրոմատ է ՀՀ ֆինանսների նախարարի եւ նրա մերձավորների վերաբերյալ: ՀՀ ԱԱԾ-ի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի ղեկավարությունը, նույնիսկ ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը, նույն ինքը՝ Կրակեմ Հրաչն էլ մեղադրվում են մաքսային մարմիններում կոռուպցիոն համակարգ ստեղծելու եւ կառավարելու մեջ, որի միջոցով այդ գործընթացում ներգրավված անձինք ամսական ընդհանուր տասնյակ միլիոնավոր դոլարներ են վաստակել: Այն, որ մեր երկրում գործող կոռուպցիոն համակարգի վերաբերյալ ներկայացված տվյալներում եւ անուններում, կարելի է ասել, ոչ մի նորություն չկա, փաստ է: Ինչպես Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ վաղուց այդ ամենի մասին օդում կախված լուրեր կան: Բայց գործարարներն այդ մասին խոսել չեն ցանկանում, քանի որ համարում են անիմաստ եւ համոզված են, որ եթե բարձրաձայնեն, իրենք կտուժեն ու կկորցնեն ունեցվածքը, լրագրողները ուղղակի չեն գրում, քանի որ կարող են զրպարտության մեջ մեղադրվել, որովհետեւ լրատվամիջոցը իրավապահ կառույցի հնարավորություններ չունի՝ անհրաժեշտ ապացույցները ձեռք բերելու համար: Մի խոսքով՝ բոլորը գիտեն, բայց ոչինչ չի փոխվում: Իսկ երեկվա «նամակը», հնարավոր է, խոշոր կոմպրոմատային պատերազմի ընդամենը սկիզբն է: Ներիշխանական խմորումների վառ դրսեւորումներն առջեւում են»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանյան մեր աղբյուրները չեն բացառում, որ Հայաստանի համար գազի գնի իջեցման բոլորովին այլ տարբերակ կիրառվի՝ ոչ թե գինն իջեցվի, այլ ռուսական ռուբլով վճարվի։ «Ռուբլին կայունանում է, և վերահաշվարկների արդյունքում հայկական կողմը կշահի բոլոր առումներով։ Ի դեպ, Դմիտրի Մեդվեդևի մեկ օր շուտ Հայաստան այցը ևս Սերժ Սարգսյան-Պուտին պայմանավորվածության արդյունքում է կայացել, վերջին հանդիպմանը Ս. Սարգսյանը Պուտինին ասել է՝ ձգձգվում է Դմիտրի Անատոլևիչի այցը, Պուտինն արձագանքել է՝ կգա, ու հենց հաջորդ օրը ռուսական կողմը՝ կառավարությունը, հաղորդագրություն տարածեց, որ Մեդվեդևն ապրիլի 7-ին կմեկնի Հայաստան»,- տեղեկացրեց մեր աղբյուրը։ Ի դեպ, հայկական կողմը փոքր-ինչ տարակուսանքով է վերաբերվում ռուբլով վճարման հնարավորությանը»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ կրկին ժամանակավորապես հետաձգվում է Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցության մասին հայտարարությունը, առաջացել են մարդկային ռեսուրսների հետ կապված, ինչպես նաև տեխնիկական խնդիրներ։ Բանն այն է, որ որոշ հայտնի անձինք, որոնք խոստացած են եղել, որ կանդամակցեն կուսակցությանը, վերջին պահին հետ են քաշվել։ Բացի դրանից, կուսակցությունը, գրանցվելու համար, պետք է ունենա երկու հազար անդամ՝ ստորագրությամբ, հասկանալի է, որ կոնկրետ Օսկանյանի դեպքում այդ ստորագրությունները հատ-հատ ստուգվելու են, ուստի ավելի «մանրակրկիտ» աշխատանքի անհրաժեշտություն է առաջացել։ Կուսակցությունը գրանցելու համար ևս պետք է ունենա տարածքային կառույցներ, որոնք այս պահին դեռ չեն ձևավորվել։ Ինչ վերաբերում է փողին, ապա նոր ստեղծվելիք կուսակցությունը նման խնդիր չունի՝ որոշ երկրներից աջակցության խոստումներ ստացվել են, տեղեկացրեց մեր աղբյուրը։ Իսկ հնարավո՞ր է ընդհանրապես չստեղծվի կուսակցությունը, հարցրինք մեր զրուցակցին։ «Բացառվում է, պարզապես մի քիչ կուշանա»»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը, որը պատրաստվում է սեփական կուսակցությունը հիմնել, հերթական անգամ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ` պարզելու համար, թե հնարավոր է՝ նա եւս միանա իր կուսակցաշինությանը: Ըստ լուրերի՝ Ռոբերտ Քոչարյանն Օսկանյանին ասել է, որ ինքն առայժմ մտադրություն չունի որեւէ կերպ մասնակցել նրա կուսակցաշինությանը: Եթե Օսկանյանը եւ նրա ապագա կուսակիցները նման կարիք կունենան, գուցե խորհուրդներով օգնի: Այլ կերպ ասած՝ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի եւս մի քանի ամիս ստվերից հետեւել Հայաստանում ընթացող գործընթացներին՝ հուսալով, որ միգուցե իր հայտնության համար հարմար պահ գտնվի: Սակայն Հայաստանում ընթացող գործընթացները հուշում են, որ Ռոբերտ Քոչարյանի հայտնությունը Հայաստանի քաղաքական կյանքում միայն մեկ տարբերակով է հնարավոր. վաղ թե ուշ նա ստիպված է լինելու ցուցմունք տալ, թե ինչպես եղավ Մարտի 1-ի ջարդը»:

«168 ժամ» օրաթերթը գրում է. ««ՀՀ տնտեսության վրա ԵԱՏՄ անդամակցության առանձին ազդեցությունների գնահատումը 2015 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով» հետազոտությունը 46 էջանոց փաստաթուղթ է, որը գնահատում է ԵԱՏՄ անդամակցության ազդեցությունը հետևյալ ուղղություններով՝ արտահանում՝ հիմնվելով համանման տնտեսություններ ունեցող այլ երկրների արտահանման միտումների հետ համեմատության վրա, ինչպես նաև՝ միկրոտնտեսական փոփոխությունների բացահայտում ներմուծում, հետևյալ կտրվածքներով՝ ներմուծման վերակողմնորոշման միտումներ ընդհանուր առմամբ և մասնավոր ազդեցություններ այնպիսի ապրանքների մասով, ինչպիսիք են բնական գազը, բենզինը, հացահատիկը և ադամանդները, ֆիսկալ ազդեցություններ՝ ներմուծման ռեժիմի փոփոխության հետևանքով, ներդրումներ, տրանսֆերտներ։ Չենք ցանկանում ընթերցողին ծանրաբեռնել մասնագիտական ձևակերպումներով, այդ իսկ պատճառով կընդգծենք առավել կարևոր եզրահանգումները։ Նախ արտահանման մասով։ Հետազոտողների առաջ խնդիրը դրված է եղել հետևյալ կերպ՝ ինչպիսի՞ն կլիներ արտահանումը Հայաստանից ներկա իրավիճակում, եթե երկիրը ԵԱՏՄ անդամ չհանդիսանար։ Այստեղ գործը բարդացել է նրանով, որ միության անդամ չհանդիսանալը կարող է երկու տարբերակով լինել՝ պահպանել չեզոքություն, կամ վարել ԵՄ հետ հարաբերությունների սերտացման քաղաքականություն։ Ըստ այդմ, «եթե»-ին պատասխանելու համար դիտարկվել են Հայաստանի տնտեսությանը մոտ բնութագրիչներ ունեցող այլ ետխորհրդային պետություններում արտահանման փաստացի զարգացումները։ Համադրելի են ընտրվել Վրաստանը և Մոլդավան։ Համեմատության արդյունքում պարզվել է, օրինակ, որ համադրվող երկրների շարքում դեպի Ռուսաստան արտահանման ամենափոքր կրճատումը, ինչպես հարաբերական, այնպես էլ՝ բացարձակ առումով, գրանցվել է ՀՀ-ում։ Մյուս կողմից, ըստ հետազոտության, ՌԴ տնտեսությունում տեղի ունեցող բացասական զարգացումներն ուղղակիորեն ազդում են Հայաստանից, Մոլդավայից և Վրաստանից արտահանման ծավալների վրա, և այդ ազդեցությունները բավականին մոտ են իրար՝ կանխատեսելով ՌԴ 7 տնտեսական անկման նկատմամբ համանման արձագանքներ բոլոր երեք երկրներում»։

«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Գուցե տարօրինակ հնչի, սակայն ՀՀԿ դպրոցի բացումը, որը ոչ այն է քաղաքական է լինելու, ոչ այն է կուսակցական, խոշոր հաշվով՝ հիշեցնելու է կուսակցությանը հասցված կացնի հարված, որով ՀՀԿ-ն կիսվելու է: Ավելի շուտ՝ կիսվելու է ՀՀԿ պատմությունը: Այն բաժանվելու է մինչև դպրոցը եղած շրջանի կամ շրջափուլի և դպրոցից հետո եղած շրջափուլի: Այդ գործընթացը տեղավորվում է Հայաստանում իշխանության ձևավորման կամ վերադասավորման այն գործընթացի մեջ, համատեքստում, որը սկսել է Սերժ Սարգսյանն ու փորձում է առաջ տանել, և որի առավելագույն նպատակը 2018 թվականից հետո որպես վարչապետ մնալն է, իսկ նվազագույնը՝ ՀՀԿ միջոցով ստվերային իշխանություն պահելը և կուսակցական համակարգի միջոցով ապակենտրոնացված իշխանական համակարգի վրա ազդեցությունը պահպանելը, դե ֆակտո կառավարելը: Այդ գործում շատ կարևոր են ոչ միայն իրավա-քաղաքական, կազմակերպա-կառուցվածքային լուծումները, սերնդափոխության ֆիզիկական կամ ինտելեկտուալ իմիտացիաները, այլ նաև հոգեբանական կողմը: Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է եղել իր իշխանության ձևավորմանը, իրեն զգալիորեն ենթակա համակարգի կազմավորմանը: Կստացվի, թե ոչ, հանրությունը թույլ կտա, ի վիճակի կլինի դիմադրել այդ գործընթացին, թե ոչ՝ այլ խնդիր է: Ակնհայտ է, որ Սարգսյանը իր առաջ դրել է այդ խնդիրը և փորձում է գնալ անշեղորեն: Ձևավորել սեփական իշխանություն, որը երկարաժամկետ ռեզերվով ենթակա է իրեն, գործնականում հնարավոր չէ առանց այդ հարցը առնվազն ՀՀԿ մասշտաբով լուծելուն: Իսկ ՀՀԿ մասշտաբով այդ հարցը հնարավոր չէ լուծել առանց հոգեբանական տրանսֆորմացիայի»: