23.12.2024
Փաշինյանի մոտ քննարկվել է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը
prev Նախորդ նորություն

Մարդիկ այսօր դժվար վիճակի մեջ են, չենք կարող նրանց խնդիրներն անտեսել․ նախագահը Գյումրի էր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կարճատև աշխատանքային այցով եղել է Գյումրիում՝ ծանոթանալու հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքներին և քննարկելու առաջացած խնդիրներն ու դրանք լուծելու հնարավորությունները։


Գյումրիի Երևանյան խճուղու սկզբնամասում գտնվող կամրջի մոտ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ տեղակալ Կարեն Եղշաջյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է իրավիճակը:


Այնուհետև նախագահ Սարգսյանը հանդիպել է բնական աղետից տուժած ընտանիքների հետ, անմիջապես տուժածներից տեղեկացել նրանց կրած վնասների մասին:


Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպմանը Հանրապետության նախագահին տեղեկություններ են հաղորդվել հորդառատ անձրևի և ուժեղ կարկուտի հետևանքով առաջացած՝ քաղաքացիների խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված և ձեռնարկվող միջոցառումների մասին: Նախագահը հետաքրքրվել է տուժած ընտանիքների վիճակով։ «Այնպիսի տպավորություն է, որ հարվածը եղել է կրկին ցավոտ տեղին, տուժել են այն մարդիկ, որ ապրում են տնակներում,-նշել է նախագահը: -Այդ մարդիկ այսօր դժվար վիճակի մեջ են, և չենք կարող նրանց խնդիրներն անտեսել»:


Հանրապետության նախագահն ասել է, որ իր հանձնարարությամբ նախագահի աշխատակազմի կողմից արդեն իսկ ծրագրվել են և ընթացքի մեջ են տուժած ընտանիքներին աջակցության որոշակի ծրագրեր: Մասնավորապես, այդ ընտանիքների համար ձեռք է բերվել կենցաղային տեխնիկա, որը շուտով կհանձնվի հասցեատերերին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ նման բարդ իրավիճակում հայտնված որևէ մեկն անտեսված չպետք է լինի․ «Էական է, որ մարդիկ իրենց մոռացված չզգան, գյումրեցիներն իմանան, որ ուշադրության կենտրոնում են, չնայած կորոնավիրուսին, չնայած սահմանային ընդհարումներին»:


Նախագահը նշել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ուշադրությունը կենտրոնացված է առողջապահության համակարգի և առողջության հետ կապված խնդիրների վրա․ համավարակը ողբերգական հետևանքներ է ունենում՝ մարդկային կյանքեր խլելով: Այդ համատեքստում նա ընդգծել է, որ, անշուշտ, կարևոր է վիճակագրական տվյալներ ունենալ ցանկացած իրավիճակի վերաբերյալ, սակայն միշտ պետք է հիշել, որ ցանկացած թվի հետևում մարդկային կյանք ու ճակատագիր է: Ինչպես Գյումրիում տեղացած անձրևների պարագայում, այնպես էլ ավելի մեծ ու, ցավոք, նաև մարդկային կյանքեր խլող համաշխարհային աղետի՝ կորոնավիրուսի համավարակի դեպքում պետք է ամեն ինչ անել, որ որևէ մեկն իրեն անօգնական չզգա:


Նախագահ Սարգսյանը մարզային և քաղաքային իշխանություններին հորդորել է ավելի պատրաստված լինել, ենթակառուցվածքները վերանորոգելիս կամ նորը կառուցելիս հաշվի առնել նաև նման տարերքների հավանականությունը. «Եթե կոյուղի կամ ջրահեռացման գիծ ենք կառուցում, կամ բնակելի շենքի կամ դպրոցի տանիք ենք ամրացնում, պետք է հաշվի առնել նաև եղանակային հնարավոր փոփոխությունները»:


Մարզային ու քաղաքային իշխանությունների ղեկավարները Հանրապետության նախագահին տեղեկություններ են ներկայացրել մարզի և մարզկենտրոնի զարգացմանն ուղղված ընթացիկ ու նախատեսվող ծրագրերի մասին: Նախագահն ասել է, որ որևէ ծրագիր իրականացնելիս չափազանց կարևոր է Գյումրիի դիմագծի և, առհասարակ, մարզի պատմամշակութային միջավայրի պահպանությունը: «Գյումրին գեղեցիկ է իր պատմաճարտարապետական յուրահատուկ ոճով: Այս գեղեցկությունը պետք է պահպանել, սա Հայաստանի ադամանդն է, և պետք է շատ ուշադիր լինել,-ասել է նախագահ Սարգսյանը: -Մեր ունեցած արժեքներին շատ ավելի զգայուն պետք է վերաբերվենք, շատ խնամքով պահպանենք»:


Գյումրիի ծրագրերի համատեքստում անդրադարձ է եղել նաև մեծ մտածող, փիլիսոփա, ծնունդով գյումրեցի Գեորգի Գուրջիևի այգի, գուրջիևյան միջավայր ստեղծելու նախագահական նախաձեռնությանը։ Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ ծրագրի իրագործումը նպաստելու է քաղաքի զարգացմանը թե՛ զբոսաշրջային, թե՛ մշակութային ու սոցիալ-տնտեսական ուղղություններով: Նշված ծրագրի իրականացման համար դիտարկվում է Գյումրու Կարսի խճուղու վրա գտնվող նախկին զորամասի տարածքը: