23.11.2024
Հալաբյան-Արզումանյան խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Արցախն ունեն պաշտպանվելու կարողություն, սակայն պատերազմը պետք է բացառվի. ԱԳՆ

Այն, ինչ տեղի ունեցավ, ըստ էության, վերջին շաբաթների և ամիսների ընթացքում Ադրբեջանում մեծ ինտենսիվություն ստացած ռազմատենչ և ատելության հռետորաբանության դրսևորում էր։ Ըստ երևույթին, նրանք փորձարկում էին Հայաստանի վճռականությունն ու կարողությունները Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս։ Եվ սա իրապես շատ վտանգավոր զարգացում էր: Այս մասին «France 24»-ին տված հացազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:


Նրա խոսքով, առայժմ մեզ հաջողվել է հանդարտեցնել իրավիճակը:


«Հինգշաբթի օրը ևս մեկ անգամ համանախագահների՝ ՌԴ համանախագահի հետ և մյուս գործընկերների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների հետ սերտ համակարգմամբ կարողացանք վերականգնել հրադադարը: Սա կրկին փխրուն իրավիճակ է: Առայժմ այն պահպանվում է, և մեր նպատակն է ապահովել հրադադարի կայուն վերականգնումը: Փաստացի նաև ձեռնարկել հատուկ միջոցներ՝ ամրապնդելու հրադադարի ռեժիմը և բացառելու սահմանի երկայնքով, ինչպես նաև Արցախի հետ շփման գծում հանդարտությանը սպառնացող մարտահրավերները: Սա, իհարկե, մեր կարևոր առաջնահերթությունն է»,- նշել է նա:


Արձագանքելով հարցին, թե Ադրբեջանն ասում է, որ Հայաստանն է սկսել մարտական գործողությունները, նախարար Մնացականյանն ասել է, որ Հայաստանը բավական հաստատակամ է եղել լարվածության ռիսկերի նվազեցման և հրադադարի խախտման հետաքննության միջոցների ներդրման հարցում.


«Մենք շատ հաստատակամ ենք այդ հարցում: Մենք շատ հաստատակամ ենք նաև հետագա միջոցների ձեռնարկման հարցում, ինչպիսիք են՝ մոնիթորինգի ընդլայնումը, տեղում ուղիղ կապի հաստատումը: Դրանք այն միջոցներն են, որոնք կօգնեն մեզ վերահսկել հրադադարի ռեժիմը: Սակայն Ադրբեջանն այդքան էլ պատրաստակամ չէ ընդունելու այդ առաջարկները և ներդնելու այնպիսի միջոցառումներ, որոնք կբացառեն հրադադարի խախտումների հետագա հնարավորությունները: Ուստի, ևս մեկ անգամ կոչ եմ անում նրանց գալ բանականության դաշտ և ընդունել այդ առաջարկները, և աշխատել մեզ հետ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ»,- նշել է նա:


Արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանը լիովին հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը.


«Պատերազմը տարբերակ չէ։ Պատերազմն իսկական աղետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար։ Հայաստանն ու Արցախն ունեն պաշտպանվելու կարողություն։ Սակայն պատերազմը պետք է ամբողջությամբ բացառվի։ Մենք լիովին հանձնառու ենք հարցի խաղաղ կարգավորմանն այնպիսի մոտեցմամբ, որ Հայաստանի, Արցախի, ինչպես նաև Ադրբեջանի շահերը հավասարապես կհասցեագրվեն: Մենք աշխատում ենք փոխզիջման վրա հիմնված լուծման ուղղությամբ և շարունակելու ենք ջանքեր ներդնել խաղաղ կարգավորման համար: Սա եղել և մնում է Հայաստանի հանձնառությունը»,- ընդգծել է նա:


Ինչ վերաբերում է հարցին, որ եթե Մինսկի խմբի համանախագահությունը չաշխատեց, քանի որ բանակցությունները ոչ մի հանգրվանի չեն հասել, ապա ինչո՞ւ չվերանայել բանակցային այս ձևաչափը, Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է.


«Ես չեմ կարող համաձայնել այն կարծիքի հետ, որ այն չի աշխատում: Այն գործել է շատ արդյունավետ, և ունի շատ ամուր հիմքեր, շատ ամուր հարթակ, որտեղ բոլոր երեք երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, աշխատում են շատ ներգրավված կերպով: Նրանք շարունակում են մեծ ներդրում ունենալ խաղաղ գործընթացում: Ես այն համարում եմ շատ դրական դերակատարություն և չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու այն պետք է փոխվի»: