24.11.2024
Արմեն Սարգսյանը դեսպաններ է նշանակել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ԶՈՒ-երը կրակ են բացել նաև Գեղարքունիքի ու Նոյեմբերյանի ուղղությամբ. Հովհաննիսյան

Անցած գիշերվա ընթացքում ՀՀ ողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել է մոտ 120 խախտում: Այս մասին լրագրողներին հայտնեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը: 


Նա նշեց, որ հակառակորդը հիմնականում կիրառել է հրաձգային զենք, այդ թվում՝ մեծ տրամաչափի, հրետանային և ավելի մեծ տրամաչափի միջոցներ չեն կիրառվել.


«Կրակոցներն իրականացվել են ոչ միայն Տավուշի հատվածում՝ բուն մարտական գործողությունների շրջանում, այլև Տավուշի ամբողջ սահմանագոտու երկայնքով, նաև Նոյեմբերյանի ուղղությամբ։ Կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի հատվածում, Նախիջևանյան հատվածում», - նշեց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ կարելի է համարել, որ լարվածությունը զգալի թուլացել է։


VERELQ-ը հիշեցնում է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարվել է հուլիսի 12-ին, երբ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները, ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ կատարեցին: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական ԶՈՒ սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորել է Տավուշի բնակավայրերը, մասնավորապես, արկեր է արձակել Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, այլ բնակավայրերի ուղղությամբ, հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Բերդի ուղղությամբ Ադրբեջանը նաև «Գրադ»-ի երեք հրթիռ է արձակել: Զոհվել է ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող:  


ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հայկական մարտական հենակետերի վրա կատարված հարձակումների, կրակոցների հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 36 զինծառայողներից 20-ը հոսպիտալացվել և համապատասխան բուժօգնություն են ստացել, իսկ մյուս 16 զինծառայողներն ունեն թեթև վնասվածքներ՝ քերծվածքների ձևով: