Հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը. ՊՆ
Հուլիսի 16-ի գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։
«Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։ Սա երեկ ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է», - ասված է նրա գրառման մեջ։
Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ իրավիճակը կտրուկ լարվել է:
Տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ունեցել ենք ընդհանուր առմամաբ երկու տասնյակ վիրավորներ: Այդ թվում երկու ոստիկանները: Հայկական կողմը հայտնում է չորս զոհի մասին: Ադրբեջանի զոհերի թիվը հասել է 12-ի:
Հուլիսի 14-ին, ժամը՝ 18:00-ից, համաձայն ՊՆ-ի հաղորդումների, սահմանին լարվածությունն աստիաճանականորեն նվազել էր, իսկ կեսգիշերց հետո կրակոցները գրեթե դադարել էին: