Արարատ Միրզոյանը կոչ է արել ՀԱՊԿ երկրների խորհրդարանների նախագահներին դատապարտել Բաքվին
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած ձեռնարկած սադրիչ գործողությունների վերաբերյալ նամակներ է հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին:
«Նամակներ եմ հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին՝ ներկայացնելով ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ ձեռնարկած սադրիչ գործողությունները և կոչ անելով դատապարտել դրանք», - գրել է Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում։
VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Իրավիճակը լարված է եղել ողջ երեկո, երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։
Հայկական կողմը կորուստներ չունի: