Մինչ ԱԺ-ում այս պահին քննարկում ենք ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման հարցը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը սահմանադրական ճգնաժամի լուծման այս գործընթացին աջակցության ուղերձ է հղել։
Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է Եվրանեսթ վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը՝ թարգմանաբար ներկայացնելով ԵԽ-ի գլխավոր քարտուղարի՝ «Հայաստանում սահմանադրական ճգնաժամը հնարավոր է հաղթահարել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությամբ» վերտառությամբ կարծիքը
«Հունիսի 19-ին հաստատված և այսօր հրապարակված Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հնարավոր է դարձնում լուծել Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի միջև առկա սահմանադրական ճգնաժամի կենտոնական խնդիրները»,- ասել է ԵԽ Գլխավոր քարտուղար տիկին Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։
«Այս կարծիքում Վենետիկի հանձնաժողովը հստակեցրել է Սահմանադրության փոփոխությունների գործընթացում Սահմանադրական դատարանի վերանայման շրջանակը, ինչպես նաև ընդունել է իր կողմից հանրաքվե նախաձեռնելու մասին որոշումը չեղարկելու Ազգային ժողովի իրավասությունը։ Ավելին, նկատի ունենալով գործող նորմերի ազդեցությունը Սահմանադրական դատարանի կազմի վրա, Վենետիկի հանձնաժողովն ընդունել է, որ 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթների ամբողջական իրագործումը լեգիտիմ նպատակ է հետապնդում։
Եվ որպեսզի այս նպատակը համադրվի դատավորների պաշտոնավարման ժամկետի և անկախության պահպանման անհրաժեշտության հետ, Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է, որ այն դատավորները, ում 12-ամյա պաշտոնավարման ժամկետը դեռ չի լրացել, շարունակեն պաշտոնավարել մինչ այդ ժամկետը, իսկ այն դատավորները, որոնք արդեն իսկ 12 տարի պաշտոնավարել են, մինչև փոխարինվելը պետք է կարողանան օգտվել անցումային նոր ժամանակից, որի տևողությունը պետք է որոշեն հայկական իշխանությունները։ Վենետիկի հանձնաժողովը ստիպված է եղել ափսոսանք հայտնելու, որ իր կարծիքի հաստատման օրը պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված նախագիծը չի նախատեսում նման անցումային ժամկետ։
Ես կոչ եմ անում իշխանության բոլոր ճյուղերին սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու համար ուղղորդվել Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններով՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան սահուն կյանքի կոչելով 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթները»,- եզրափակել է Գլխավոր քարտուղարը։
Նշենք, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագծը որով առաջարկվում է, որ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունը դադարեցվում է, ինչպես նաեւ ՍԴ նախագահի պաշտոնավարումը դադարեցվում է, նոր ընթացակարգով պետք է ՍԴ նախագահ ընտրվի: Նկատենք, որ ՍԴ-ում 3 դատավոր կա, որ 12 տարուց ավելի է պաշտոնավարում, իսկ Հրայր Թովմասյանը պաշտոնավարում է ընդամենը 2 տարի, հետեւաբար, նա կմնա ՍԴ անդամ:
Ներկայում 12 և ավել տարի ՍԴ անդամ են Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանն ու Հրանտ Նազարյանը, և ՍԴ 9 անդամներից հենց նրանց լիազորությունները կդադարեցվեն։
Ավելի վաղ «Իմ քայլը» խորհրդարանում դարձյալ սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկում էր ապրիլի 5-ին կազմակերպել հանրաքվե և դադարեցնել Հրայր Թովմասյանի ու ևս 6 դատավորների լիազորությունները։ Հայաստանում կորոնավիրուսի ճգնաժամն ու արտակարգ դրության հայտարարումը, սակայն, ստիպեցին հետ կանգնել հանրաքվեի մտքից։