«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սպասվող Սահմանադրության փոփոխությունների նախագծում տեսնում է գործարքի տարր ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանի հետ:
Եթե հանրաքվեով հարցը լուծելու դեպքում Հրայր Թովմասյանը պետք է դուրս մնար ՍԴ-ի, այս նախագծով նա մնալու է ՍԴ անդամ. այստեղ գործարքի որոշակի տարր կա: Այս մասին, այսօրԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Էդմոն Մարուքյանը: «Ես չգիտեմ, թե այդ զիջումն ինչի հաշվին է արվում, ինչու պետք է Հրայր Թովմասյանը մնա»,- ասաց նա:
Քանի որ Ազգային ժողովը որոշել է Սահմանադրական փոփոխությունների հարցով չդիմել ՍԴ, դրանով խախտում է Սահմանադրության հոդվածը, որտեղ գրված է, որ Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված ԱԺ-ն առաջին ընթերցումից հետո դիմում է ՍԴ եւ սա իմպերատիվ դրույթ է, ասաց իր հերթին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի միջոցով Սահմանադրության մեջ փոփոխությունների նախագծին:
Այսօր Ազգային ժողովում ուղիղ եթերով ականատես կլինենք սահմանադրական կարգը տապալելու և իշխանությունը յուրացնելու հանցակազմերին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը` մեկնաբանելով ՍԴ դատավորների կազմը փոխելուն ուղղված օրենսդրական փոփոխությունների սպասվող քնարկումները:
«Փոքրիկ գաղտնիք բացեմ Ազգային ժողովի պատգամավորների համար՝ Սահմանադրության 96-րդ հոդվածը Ձեզ չի ազատում սահմանադրական կարգը տապալելու համար քրեական պատասխանատվությունից: Իսկ Վենետիկի հանձնաժողողի եզրակացության ուղղակիորեն հակասող սահմանադրական փոփոխություններ ընդունելն արձանագրում է Ձեր «չարամիտ դիտավորությունը»,-նշել է նա:
Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է, որ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունը դադարեցվում է, ինչպես նաեւ ՍԴ նախագահի պաշտոնավարումը դադարեցվում է, նոր ընթացակարգով պետք է ՍԴ նախագահ ընտրվի: Նկատենք, որ ՍԴ-ում 3 դատավոր կա, որ 12 տարուց ավելի է պաշտոնավարում, իսկ Հրայր Թովմասյանը պաշտոնավարում է ընդամենը 2 տարի, հետեւաբար, նա կմնա ՍԴ անդամ:
Ներկայում 12 և ավել տարի ՍԴ անդամ են Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանն ու Հրանտ Նազարյանը, և ՍԴ 9 անդամներից հենց նրանց լիազորությունները կդադարեցվեն։
Ավելի վաղ «Իմ քայլը» խորհրդարանում դարձյալ սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկում էր ապրիլի 5-ին կազմակերպել հանրաքվե և դադարեցնել Հրայր Թովմասյանի ու ևս 6 դատավորների լիազորությունները։ Հայաստանում կորոնավիրուսի ճգնաժամն ու արտակարգ դրության հայտարարումը, սակայն, ստիպեցին հետ կանգնել հանրաքվեի մտքից։