Իսկ ո՞վ է խանգարում Գագիկ Ծառուկյանին պայքարել. Ալեն Սիմոնյան
Իսկ ո՞վ է խանգարում Ծառուկյանին պայքարել և ինչի՞ց նա հետ չի կանգնելու: Քրեական գործը իր ընթացքով կշարունակվի, իսկ ինքը, եթե քաղաքական առումով ճիշտ է համարում, թող պայքարի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով վերջին իրադարձություններն ու ԲՀԿ նախագահի հայտարարությունը:
Նրա խոսքով, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործերը հարուցվել են շատ ավելի վաղ, ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ կառավարությունը պետք է 100 տոկոսով փոխվի, այնպես որ, ասաց Սիմոնյանը, ժամանակագրությունը չի կարելի կեղծել, դրանք փաստեր են.
«Այնպես չէ, թե Գագիկ Ծառուկյանի հանդիպումների մասին մենք իմացել ենք իր հայտարարությունից հետո: Պարոն Ծառուկյանը հանդիպել է Արթուր Վանեցյանի հետ նույն այդ այգում բազմաթիվ անգամ, ինչը չհերքեց նաև Վանեցյանը: Մենք այդ մասին վաղուց գիտեինք և դա մեզ չէր անհանգստացնում»,- նշեց փոխնախագահը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպիսին է «Իմ քայլում» դիրքորոշումը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի հետ կապված, Ալեն Սիմոնյանը նշեց, որ նախ պետք է գլխավոր դատախազը ներկայացնի, թե ինչի հիման վրա իրենք կողմ կամ դեմ պետք է լինեն.
«Ես կանխավ ոչինչ չեմ ասի: Իհարկե, որոշում չկա: Ի զարմանս շատերի, ՀՀ իշխանությունը գործել ու գործելու է օրենքով»,- հավելեց նա: