24.11.2024
Նովակ. ՌԴ-ը ցանկանում է դեպի Իրան էլեկտրահաղորդման գիծ անցկացնել ՀՀ-ով ու Ադրբեջանով
prev Նախորդ նորություն

ԱՄՆ հայ համայնքը ողջունում է Կոնգրեսի 75 բանաձևի ընդունումը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 393 կողմ, 0 դեմ քվեների հարաբերակցությամբ ընդունել է թիվ 75 բանաձևը, որով «ցեղասպանություն» է անվանել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, այդ թվում հայերի և ասորիների, ինչպես նաև եզդիների և կրոնական այլ փոքրամասնությունների նկատմամբ «Իսլամական պետություն» անվամբ ահաբեկչական կազմակերպության վարած քաղաքականությունը, հայտնում է Ազատությունը։

«Ամերիկայի հայությունը ողջունում է Ներկայացուցիչների տան ընդունած բանաձևը, որը ցեղասպանական գործելակերպին, այդ թվում դաշնակից Անկարայի արարքներին վերջ տալու հարցում Ամերիկայի առաջնորդության հզոր վկայությունն է»,- ասել է Ամերիկայի Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ «Առավել լայն առումով դա նշանակալից քայլ է ցեղասպանության վերաբերյալ Ամերիկայի արձագանքը քաղաքական ընտրությունից բարոյական պահանջի հասցնելու ուղղությամբ»,- ավելացրել է պարոն Համբարյանը։

«Շատ երկար ժամանակ Ամերիկայի ղեկավարները ցեղասպանությունը, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանությունը, կիրառել են որպես աշխարհաքաղաքական ապրանք, որը կարելի է փոխանակել կամ որի շուրջ հնարավոր է սակարկել, մենք` ամերիկահայերս, կարող ենք հպարտ լինել Կոնգրեսի թիվ 75 բանաձևի ընդունմանը նպաստելու ջանքերի համար և առաջ տանել բանաձևի հիմնարար սկզբունքը, այն, որ Ամերիկայի դիրքորոշումը ցեղասպանության դեմ պայքարում պետք է զերծ լինի նախապայմաններից»,- նաև ասել է Համբարյանը։

Վաշինգտոնից ստացված հաղորդագրության համաձայն, թիվ 75 բանաձևը ներկայացրել են Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների հարցերով խմբի համանախագահներ հանրապետական Ջեֆ Ֆորթենբերրին և դեմոկրատ Աննա Էշուն։ Տիկին Էշուն իր ուղերձում խոսել է նաև իր հայկական և ասորական արմատների մասին՝ ընդգծելով Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատելու կարևորությունը։

Մինչև մարտի 17-ը նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պետք է պաշտոնական դիրքորոշում հայտնի Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ «Իսլամական պետության» վարած հանցագործ քաղաքականության վերաբերյալ։ Սպիտակ տունը հայտնվել է հետզհետե հզորացող ճնշման տակ, որը գործադրում են Ամերիկայի հոգևոր առաջնորդները և իրավապաշտպանները, ովքեր պահանջում են Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների վրա հարձակումներն անվանել «ցեղասպանություն»։

Այդ արշավն առաջ են տանում «Կոլումբոսի ասպետներ», «Քրիստոնյաների պաշտպաններ», «Կրոնական ազատության միջազգային կլոր սեղան» խմբավորումները, Հայաստանյայց Առաքելական եկեղեցին, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և հարյուրից ավելի այլ կազմակերպություններ։