Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչը որոշում է կայացվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը, որի կարծիքով հետախուզում հայտարարելու համար հիքմեր չկան:
«Հետախուզվում են հետախուզման հիմքերը… Այսօր քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և դա այն դեպքում, երբ՝
1. հստակ հայտնի է նրա գտնվելու վայրը,
2. առկա են Հայաստան վերադառնալու անհաղթահարելի խոչընդոտներ, որոնց մասին մենք պատշաճ իրազեկել ենք քննիչին:
Իհարկե, չեն մոռացել նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան: Օրենք, համավարակ, կարանտին- չէ՝ չենք լսել․․»,- գրել է Մակինյանը։
Օրեր առաջ Քննչական կոմիտեն Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին ներգարվել է որպես մեղադրյալ ինքնիրավչության, անձին ազատությունից զրկելու և շորթման հատկանիշներով: Երկուսն էլ, համաձայն Ամրամ Մակինյանի, գտնվում են արտասահմանում և կորոնավիրուսի համավարակով պայմանավորված չեն կարող արագ վերադառնալ Հայաստան, քանի որ չվերթներ չեն իրականացում:
Համաձայն ՔԿ-ի մամուլի ծառայության՝ Ռուբեն Հայրապետյանն իր որդու ու այլ անձանց հետ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ կիրառել է բռնություն, զրկել նրան ազատությունից՝ 2016 թվականին Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Հայկական Բանկ» ԲԲԸ-ից ստացած 52 մլն դրամի վարկային միջոցների վերադարձման նպատակով:
«Ռաֆիկ Ռուբենի Հայրապետյանի և խմբի 2 անդամների նկատմամբ հետախուզում է հայտարարվել, և նրանց նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան», - հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:
Նշվում է նաև, որ մայիսի 19-ին Ռուբեն Հայրապետյանը զանգահարել է վարույթն իրականացնող քննիչին և հայտնել, որ տեղյակ է ծանուցագրով իրեն Քննչական կոմիտե հրավիրելու մասին, սակայն գտնվում է Մոսկվայում, ցանկանում է վերադառնալ, բայց ավիահաղորդակցության բացակայության պատճառով չի կարողանում վերադառնալ:
Մեկ օր անց՝ մայիսի 20-ին, ՔԿ-ն դիմել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն և խնդրել՝ աջակցել Հայրապետյանին վերադառնալու Հայաստան, քանի որ դեսպանությունն է կազմակերպում ՀՀ քաղաքացիների վերադարձը:
Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա. Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է Ռուբեն Հայրապետյանի որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։
Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը նաև վստահ է, որ Հայրապետյանների նկատմամբ հարուցած քրեական գործում «փաստական տվյալի նշույլ անգամ չկա»: