23.11.2024
Ոչ ոք չպետք է եկամուտներ ստանա հանցավոր ճանապարհով. Սրբուհի Գալյան
prev Նախորդ նորություն

Զորավարժության մտահղացմամբ Բաքուն թիրախավորում է նաև Երևանը՝ Նախիջևանից. քաղաքագետ

Երեք օրից՝ մայիսի 21-ին,  Արայիկ Հարությունյանը պաշտոնապես կստանձնի Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը: Ի՞նչ զարգացումներ սպասել, ի՞նչ լուսանցքային զարգացումներ կան և ինչ ուղերձ է հղում Ադրբեջանի հայկական կողմին այս բարդ իրավիճակում լայնածավալ զորավարժություններ անցկացնելով՝ VERELQ-ի հետ հարցազրույցում իր տեսակետները ներկայացրեց Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:


-Պարոն Աթանեսյան, մի քանի օրից Արայիկ Հարությունյանը պաշտոնապես կստանձնի Արցախի նախագահի պաշտոնը: Ինչպիսի՞ն է ներքաղաքական իրավիճակն Արցախում, կան, արդյոք, ստորջրյա գործընթացներ, դժգոհություններ:

- Նախագահ Հարությունյանն այս օրերին քաղաքական խորհրդատվություններ է անցկացնում: Տեղեկություններ կան, որ քննարկումներ են ընթանում նաեւ ՀՅԴ-ԱԺԿ- Արցախի արդարություն կուսակցություն ձեւաչափով: Վերջինիս փաստացի առաջնորդը Վիտալի Բալասանյանն է, որը շարունակում է կոշտ քննադատություն հնչեցնել Հայաստանի իշխանությունների, առանձնապես՝ վարչապետ Փաշինյանի հասցեին: Ըստ այդմ, Արցախի արդարություն կուսակցությունը կգործի ընդդիմադիր դաշտում: Խնդիրն այն է՝ կմիանա՞ն նրան ՀՅԴ-ն եւ ԱԺԿ-ն:

Տպավորություն է, որ մյուս կողմից համագործակցության հեռանկար է պատկերվում նախագահ Հարությունյանի գլխավորած Ազատ հայրենիք-ՔՄԴ դաշինքի եւ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության միջեւ: Ի՞նչ վերջնական դասավորություն կունենանք՝ պարզ կլինի, կարծում եմ, նախագահ Հարությունյանի երդմնակալությանը հաջորդած առավելագույնը տասնօրյա ժամկետում: Կան, իհարկե, նաեւ արտախորհրդարանական ուժեր, որ, թվում է, հիմնականում կհարեն ընդդիմությանը:

- Արայիկ Հարությունյանի կադրային քաղաքականությունը դեռ հստակ ուրավգծված չէ, թեև մամուլը շրջանառում է մի շարք անուններ, որոնք ապագա կառավարությունում կզբաղեցնեն պաշտոններ: Կարծես թե ապագա կառավարության կազմում կտեսնենք նաև Ձեր մատնանշած Սամվել Բաբայանին: Դուք նման հեռանկար հավանակա՞ն եք համարում: Ըստ որոշ փորձագետների՝ սա կթուլացնի Հարությունյանի դիրքերը:

-Սահմանադրությունը ընտրված նախագահին լիազորում է միանձնյա սահմանել կառավարության կառուցվածքը եւ նշանակել պետական նախարարին ու նախարարներին: Ինչպես ասացի՝ Արայիկ Հարությունյանը քաղաքական խորհրդատվություններ է անցկացնում: Ես դժվարանում եմ ասել՝ նա սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները կգործադրի ուղղակիորե՞ն, թե՞ գործադիր իշխանություն կձեւավորի համաձայնությունների արդյունքում:

- Արշավիր Ղարամյանի հրաժարականը թեև սպասելի էր, բայց և հարցեր է առաջացնում: Գլխավորը, թերևս, այն է, թե արդյոք Ղարամյանն է գլխավորելու ընդդիմադիր դաշտը: Դուք ի՞նչ եք կարծում:

-Արշավիր Ղարամյանի հրաժարականը նրա կողմից քաղաքական պարկեշտության դրսեւորում է: Համենայն դեպս, ինձ այդպես է թվում: Չեմ կարծում, թե նա քաղաքական հայտ կներկայացնի, առավել եւս՝ ընդդիմադիր դաշտում:

- Վերջին ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, ասաց՝ Արցախի ընտրված ներկայացուցիչ, ինչը բավականին ոչ միանշանակ ընդունվեց Հայաստանում: Ի՞նչ ուղերձ է այս հայտարարությունն իր մեջ պարունակում, ի վերջո խոսքը հայկական երկրորդ հանրապետության ղեկավարության մասին է:

- «Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներ» ձեւակերպումը ԵԱՀԿ-ին է: Միջազգային տերմինաբանությամբ ասում են նաեւ ԼՂ դե-ֆակտո իշխանություններ: Իհարկե, մեզ ականջահաճո է լսել Արցախի իշխանություններ, պաշտոնական Ստեփանակերտ որակումները: Ես չգիտեմ, թե վարչապետ Փաշինյանն ինչո՞ւ է նախապատվությունը տվել ԵԱՀԿ-ի տերմինաբանությանը, բայց դրանում ինչ-որ սիմվոլիկա էլ չեմ տեսնում: Ի վերջո, նա նաեւ ասել է՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Ես կոնսպիրոլոգիական «տեսությունները» չեմ ընդունում:


-Հայաստանում շատ է խոսում արևմտյան ուժերի, մասնավորապես՝ սորոսականների ազդեցության մասին: Այս թեման ակտիվ էր նաև արցախյան ներքաղաքական քննարկումներում նախընտրական ժամանակահատվածում: Արդյոք այդ ուժերը ունեն դիրքավոում Արցախում և ինչո՞ւմ է արտահայտվում նրանց ազդեցությունը:

-Հայաստանում նաեւ ռուսական «հինգերորդ շարասյան» եւ «ջհուդա-մասոնականության» մասին են խոսում: Դա, թույլ տամ ինձ ասել, ազգային թերարժեքություն է: Արցախում «սորոսականության» մասին հրապարակային դիսկուրս չկա: Նախընտրական թոհուբոհում, ընդ որում՝ ոչ քաղաքական շրջանակներից արված, հայտարարությունները եղանակ չեն ստեղծում:

-Պարոն Աթանեսյան, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը չխանգարեց Ադրբեջանին հերթական լայնածավալ զորավարժություններն անցկացնել: Սա մեսիջ է հայկական կողմին, ի՞նչ սպասել հակամարտության ֆրոնտում առաջիկայում:


- Եկեք խոստովանենք, որ մենք՝ խոսքը մամուլի, քաղաքագիտական հանրության մասին է, դեռեւս իրականությունն ամբողջ խորությամբ չենք ընկալում: Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խնդիրը հետեւողականորեն նենգափոխում է հայ-ադրբեջանական, այսպես ասեմ՝ գոյութենական պայքարի: Սա իրողություն է, մարտահրավեր:


Զորավարժության մտահղացմամբ թիրախավորվում է նաև Երևանը՝ Նախիջևանից: Դա է զգաստացնողը: Որովհետեւ Նախիջևանի ուղղությունը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի է, իսկ Մոսկվայից արձագանք չկա:

Լիա Խոջոյան