23.11.2024
Զորավարժության մտահղացմամբ Բաքուն թիրախավորում է նաև Երևանը՝ Նախիջևանից. քաղաքագետ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ուժային կառույցներից հեռացողները հավաքվում են Արթուր Վանեցյանի շուրջ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ուժային կառույցներից դուրս եկողներն այս օրերին գնում, հավաքվում են Արթուր Վանեցյանի կողքին։ Ոստիկանությունից, դատախազությունից, քննչականից ազատվածներ, բայց հատկապես Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներ, որոնք Վանեցյանի շուրջը մինի-իրավապահ մարմին են ձեւավորել։ Ավելին, այդ կառույցներում դեռեւս աշխատող մարդիկ էլ են պարբերաբար կապվում Վանեցյանի հետ՝ հարցնում, թե երբ է սկսելու իր գործունեությունը, եւ ասում են, որ ուզում են դիմում գրել եւ հեռանալ ծառայությունից՝ միանալով իրեն։ Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը դեռեւս մի քանի ամիս առաջ՝ մինչեւ արտակարգ դրությունը, հայտարարել էր քաղաքական կուսակցություն ձեւավորելու մտադրության մասին, սակայն նոր կուսակցության հիմնադիր համագումարը չի կարողանում հրավիրել համավարակի պատճառով։ Մեր տեղեկություններով, արդեն մոտ 1700 դիմում է ստացվել՝ դեռեւս չձեւավորված կուսակցությանն անդամագրվելու խնդրանքով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունում վերջին շրջանի խմորումները և կադրային փոփոխությունները շարունակվում են։ «Ժամանակ»-ը գրել էր, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարը ազատման դիմում է գրել։ Երեկ տեղեկացանք, որ ազատման դիմումներ են գրել նաև Քննչական դեպարտամենտի երկու բաժնի պետեր։ Մեզ հասած տեղեկություններով՝ կադրային այս փոփոխությունները հաջորդիվ շարունակվելու են նաև ԱԱԾ տնտեսական դեպարտամենտում։ Նույն տեղեկությունների համաձայն՝ խնդիր է դրված քննարկել ու ստուգել ԱԱԾ բոլոր ղեկավար պաշտոններ զբաղեցնողների աշխատանքի նպատակահարմարությունը։ Այս փուլում նրանցից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունավետությունը կասկածի տակ է դրված, ու նրանցից յուրաքանչյուրը կարող է ազատվել ցանկացած պահի։ Սա նշանակում է, որ առաջիկայում ԱԱԾ-ում բազմաթիվ թափուր պաշտոններ կմնան, որը, սակայն, պատրաստվում են լրացնել դատախազական համակարգից։ Մի շարք դատախազներ արդեն պատրաստվել են տեղափոխվել ԱԱԾ՝ պայմանով, որ աշխատավարձերը կվերանայվեն»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Իրավապահ մարմինները մանրամասն ուսումնասիրում են Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի գործունեությունը։ Մասնավորապես՝ Խլղաթյանը, առանց ավագանու որոշման, Արմավիրի քաղաքային զբոսայգու տարածքից հողահատկացում է արել իր խնամի, նախկին օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին, որտեղ վերջինս կառուցել է իրեն պատկանող Զարգացման հայկական բանկի մասնաճյուղ»։


«Իրատես» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը համոզված է՝ պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, Հայաստանից չի հեռացել: Հիշեցնենք, որ վերջերս լուրեր տարածվեցին, թե Խաչատրյանն արտակարգ դրության պայմաններում լքել է Հայաստանի տարածքը: «Իրատեսի» հետ զրույցում իմքայլականն ասաց՝ որեւէ փաստ չկա, որ Գուրգեն Խաչատրյանը հատել է Հայաստանի սահմանը, ընդամենը ենթադրություն է. «Նա որեւէ տեղ չի փախել, որքան գիտեմ՝ երբ դատարանը բավարարել է կալանավորելու միջնորդությունը, նա գնացել է բարեկամներից մեկի տուն ու «մեկուսացել» այնտեղ: Այնպես չէ, որ իրավապահների հսկողության ներքո գտնվելով, կարողացել է փախչել»: «Բայց չէ՞ որ նման միջադեպերի պատճառով է, որ մարդիկ սկսում են չվստահել իշխանությանը, եւ վարկանիշի անկում եք գրանցում»,- նկատեցինք։ «Իմ քայլի» ներկայացուցիչն ընդունեց, որ կառավարող թիմի վարկանիշը որոշակիորեն անկում է ապրել, ապա ընդգծեց՝ ընկած վարկանիշը վերականգնելի է. «Եկեք ընդունենք՝ երբ մարդիկ տեսնեն, որ նախկին իշխանության ներկայացուցիչները կանգնում են դատարանի առաջ, վստահությունը կվերականգնվի, մեր վարկանիշն էլ նորից կբարձրանա: Այո, մարդիկ նախկին իշխանավորներիներին ուզում են տեսնել դատարանում կանգնած, իսկ եթե դա տեղի չի ունենում, ներկաները նրանց աչքին վատն են երեւում: Բայց երբ օրը գա, ու տեսնեն՝ ինչպես են պատասխան տալիս նախկինները, ամեն բան տեղը կընկնի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ տեղի է ունեցել Ազգային ժողովի 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը, որին երկրորդ անգամ հրավիրվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանը, որը 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետի պաշտոնը, ապա ազատվել էր Սերժ Սարգսյանի հրամանով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Կարապետյանին երկրորդ անգամ հանձնաժողով հրավիրելու պատճառները թաքնված են Սերժ Սարգսյանի այցի հետ: Բանն այն է, որ ապրիլի 16-ին հանձնաժողովի նիստում Սերժ Սարգսյանը խոսել էր նաև հակահետախուզության մասին և հանձնաժողովին նոր տեղեկություն է տրամադրել այդ օրերի իրադարձությունների հետ կապված, ինչի համար էլ հանձնաժողովականների մոտ շատ հարցեր են առաջացել և նրանք որոշել են կրկին հանձնաժողով հրավիրել Կարապետյանին: Մենք տեղեկացանք, որ երեկվա հանդիպման ժամանակ նրանից հետաքրքրվել են Սերժ Սարգսյանի նոր հայտարարությունների շուրջ և պարզաբանումներ պահանջել, ինչին ի պատասխան վերջինս շատ պատրաստական ներկայացրել է տեղի ունեցածը և պատասխանել հարցերին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովի անդամների համար շատ մեծ դժգոհության տեղիք է տվել, որ արդեն երրրոդ նիստն է՝ ինչ բացակայում են «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանն ու Ռուբիկ Ստեփանյանը: Հանձնաժողովականներից շատերի կարծիքով, այս հանձնաժողովի նիստը քաղաքական բնույթ չի կրում, անվտանգության հարցերի համար է ստեղծված և բոլորի համար տարակուսելի է եղել ընդդիմադիրների նման պահվածքը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում նոր պաշտոն է ստանալու: Իրավապահ համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն, Հակակոռուպցիոն կոմիտեի ձեւավորումից հետո նա նշանակվելու է այդ կառույցի նախագահի պաշտոնում: Նախ նկատենք, որ ի սկզբանե այս կոմիտեի ստեղծումն իրենից ենթադրում էր նաեւ ՀՔԾ-ի լուծարում եւ բոլոր գործառույթները պետք է կատարեր այս կոմիտեին, սակայն վերջին պահին փոշմանել են եւ որոշել են կառույցը պահպանել՝ սակայն փոքր լիազորություններով: Իսկ ահա, նոր ստեղծվելից Հակակոռուպցիոն կոմիտեն լինելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ քննության միասնական մարմին, որը ստեղծվելու է 2021 թվականին: Ըստ այդմ, այդ ժամանակ ունենալու ենք երեք քննչական մարմին՝ Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), որը կքննի խոշտանգումներին վերաբերող գործերը ու Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրվող հնարավոր հանցագործության դեպքերը, եւ Հակակոռուպցիոն կոմիտե, որը որպես հիմնական մասնագիտացված մարմին կքննի կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։ Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Սասուն Խաչատրյանը 2021 թվականին կստանձնի հենց այս կոմիտեի նախագահի պաշտոնը: Մեկնաբանության համար դիմեցինք ՀՔԾ, սակայն այնտեղից նշեցին. «Բամբասանքները չենք ցանկանում մեկնաբանել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեում սպասվող կադրային ջարդը կարող է աննախադեպ մասշտաբներ ընդունել։ Կոմիտեի որոշ աշխատակիցներ պնդում են, որ ՔԿ հեռացվող աշխատակիցների թիվը կարող է հասնել մի քանի հարյուրի։ Պատճառն այն է, որ ՔԿ աշխատակիցները սաբոտաժի են ենթարկում հակակոռուպցիոն պայքարը»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Ձեր պաշտոնաթողության պատճառն իսկապե՞ս Հարվարդում սովորելն է, այդ դեպքում ինչո՞ւ չգնացիք՝ հարցրինք ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արեւիկ Անափիոսյանին։ «Գնացել եմ»: Դուք հիմա Հարվարդո՞ւմ եք։ «Ես հիմա Հայաստանում եմ եւ հետո էլի վերադառնալու եմ այնտեղ»: Տեղեկացրել էիք, որ օրերս աշխատանքի եք անցել հայաստանյան ՄԱԿ-ի գրասենյակում։ «Այո»: Ե՞վ։ «Եվ իմ գործատուի համար դա խնդիր չէ»: Բա ինչպե՞ս եք այս պայմաններում Երեւան-Հարվարդ տրանզիտն ապահովում։ «Դա իմ խնդիրն է. ես սովորում եմ Հարվարդի բիզնես դպրոցում, վերադարձել եմ Հայաստան, որովհետեւ երրորդ մոդուլը պետք է օնլայն անի, եւ չորրորդ մոդուլը, որը ես պետք է ապրիլին ավարտեի, տեղափոխվել է աշուն` կորոնավիրուսի պատճառով, որովհետեւ ողջ աշխարհը փակ է»: Արժե՞ր 4 ամսվա կրթության համար հսկա պաշտոն, բարեփոխումների ծրագիր «թողնել»։ «Ինտենսիվ կրթություն է, որի ընթացքում ես իմ գիտելիքներն եմ ավելացնում»: Խոսվում էր ԿԳՄՍ-ում գրանտների մասին, ասում էին՝ խնդիրներ ծագեցին, այդ պատճառով աշխատանքը թողեցիք։ «Նման որեւէ խնդիր չի եղել, եւ նման լուրեր տարածողների հետ կապված՝ համապատասխան իրավական քայլեր եմ արել»: Իսկ հնարավո՞ր է իշխանափոխությունից հետո այլ բան պարզվի։ «Ոչ, հնարավոր չէ»:


«Իրատես» թերթը գրում է. ««Այս իշխանությունը ուզում է գնալ դիկտատուրայի ճանապարհով: Փաշինյանի ու նրա թիմի հիմնական խնդիրը միանձնյա, առանց որեւէ քննադատության ու արգելանքի իշխանություն ունենալն է, իսկ «Լուսավոր Հաաստան» կուսակցությունը հաճախ խանգարում է ունենալ այդ իշխանությունը»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի համանուն խմբակցության ներկայացուցիչներից մեկը: Նա մտահոգություն հայտնեց, որ ամբիոնից հնչող քննադատական խոսքը հետագայում նույնպես կարող է բռունցքների կամ շշերի արժանանալ, հետեւաբար մտածում են՝ նման պայմաններում ինչպե՞ս են աշխատելու կամ համարժեք պատասխան տալու, այսինքն, պաշտպանվելու: «Հո սաղավարտներով Ազգային ժողով չե՞ք գնա»,- կեսկատակ-կեսլուրջ հարցրինք մեր զրուցակցին: «Դա էլ է տարբերակ, պետք է հասկանանք՝ ինչպե՞ս ենք պաշտպանվում: Նախ` իշխանությունը պետք է սովորի քննադատությանը ու այն հոգեբանական բռնության ձեւ չհամարի, ապա անի հնարավորը` հետագայում ուժի կիրառումից ու դրա կիրառման սպառնալիքից զերծ մնալու համար»,- եղավ պատասխանը: Մեզ հայտնի դարձավ, որ ԼՀԿ-ականները մինչ այս պահը հստակ չեն որոշել՝ ինչպե՞ս են մասնակցելու Ազգային ժողովի հերթական կամ արտահերթ նիստերին: Նրանց մի մասն այժմ մասնակցում է խորհրդարանի մշտական հանձնաժողովների աշխատանքներին, մյուս մասն անգամ Ազգային ժողով չի գալիս: Ասում են՝ բոյկոտի չեն դիմի, բայց չեն էլ հստակեցնում` ի՞նչ ձեւաչափով են աշխատելու»:


«Իրատես» թերթը գրում է. «Արդեն կասկած չկա, որ վիրուսը վերահսկողությունից վաղուց դուրս է եկել, եւ հիմա ամեն ինչ ինքնահոսի է մատնված։ Ոչ միայն կանխարգելիչ աշխատանքները, կարանտինային շրջանն էին անպտուղ ու բացթողումներով լի, այլեւ վտանգի հանդեպ իշխանության անպատասխանատու վերաբերմունքը չափազանց մեծ էր։ Ժամանակին քամահրանքով ու ցինիկ հայտարարություններով կորոնավիրուսը դիմավորած Հայաստանի կառավարությունն այսօր չի կարողանում անգամ հասարակ հսկողություն իրականացնել ծերանոցներում, որ վարակն այնտեղ միանգամից 40 մարդու չթիրախավորի։ Ու մինչ մեր հարեւան Վրաստանում «երջանիկ պատահականությամբ» երեկ արձանագրվել էր ընդամենը 6 նոր վիրուսակիր, մեզ մոտ նոր ռեկորդ սահմանվեց՝ 351 նոր վարակակիր։ Սակայն մեր կառավարությունը, պարետատունը հանգիստ, անվրդով սպասում են, թե երբ ենք աշխարհի մակարդակով վարակվածների թվով բարձր հորիզոնականներ զբաղեցնելու։ Գուցե հետագայում դա էլ 100 փաստերից մեկում ընդգրկվի։ Երեկվա տվյալները չհաշված` վիրուսակիրների ամենամեծ թիվն արձանագրվեց այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը 100 «փաստով» ասուլիս էր հրավիրել։


Արժե՞ հիշեցնել, որ ամեն ինչ «փաստի» անվան տակ ներկայացնելուց, «փուչիկ» տեղեկությունները ձեռքբերում համարելուց առաջ նա նաեւ պիտի բացատրեր, թե այդ ինչպես եղավ, որ վիրուսը «շան տեղ» դնող վարչապետն այլեւս ընդունակ չէ հոգալու հանրային առողջության մասին։ Ինչպե՞ս է ստացվում, որ մեր անմիջական հարեւան Վրաստանին հաջողվում է կտրուկ նվազեցնել վիրուսակիրների թիվը, իսկ մեզ մոտ իրավիճակն անկառավարելի է դառնում։ Սակայն Փաշինյանին այլեւս հետաքրքիր չեն թվերը, 1000 վիրուսակիր էլ մեկ օրում արձանագրվի, դարձյալ մի աներեւակայելի բացատրություն կգտնվի։ Ողջ ասուլիսում կար մի նուրբ պահ, որը մատնեց Նիկոլ Փաշինյանի այսօրվա հոգեվիճակը, որից էլ բխում են այն բոլոր խնդիրները, որոնց առջեւ այսօր կանգնած ենք։ Հարցին` ինչպե՞ս է ստացվել, որ ում հետ ճանապարհ է անցել՝ լրագրողներ, ՀԱԿ, «Լուսավոր Հայաստան», այսօր նրանց հետ խնդիրներ ունի, ի պատասխան ասաց. «Երբեք չեմ վախեցել մենակ մնալ... շարունակում եմ չվախենալ մենակ մնալ»։ Սա ինքնախոստովանություն է։ Եթե որպես քաղաքական գործիչ, լրագրող մենակ ես մնում քո համոզմունքների հետ, դա քո եւ այդ շրջանակի խնդիրն է, բայց երբ երկրի ղեկավարն է մենակ մնում, չկան թիմակիցներ, գաղափարակիցներ, չկան գաղափարներ, նշանակում է երկիրը դարձել է այդ մեկ մարդու ցանկությունների ու պատկերացումների գերին։ Պետության ղեկավարը չի կարող մենակ լինել ու դրանից չվախենալ։ Կառավարության աշխատանքը ենթադրում է թիմային մոտեցում, մեկ մարդը չի կարող գլուխ հանել ամեն ինչից ու ամեն ինչ վերաբերյալ ճիշտ որոշում կայացնել։ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում պատասխանեց բոլոր քննադատություններին՝ ցույց տալով ծառացած խնդիրների ակունքը։ Նա մենակ մնալուց չի վախենում, բայց չի էլ գիտակցում, որ դա իսկական դժբախտություն է պետության ղեկավարի համար»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաշինյանը հարցերի շարքում հատուկ է թողել այդ «անցանկալի» հարցերը, որպեսզի կարծիք ձեւավորվի, թե իշխանությունն ինչքան պարզ ու թափանցիկ է գործում «Արդեն «հին, բարի» ավանդույթ է դարձել, երբ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ծավալուն ասուլիսներով, որոնց ժամանակ մի քանի ժամ շարունակ ներկայացնում է «100 փաստի» հերթական «սերիան» եւ պատասխանում է լրագրողների հարցերին։ ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ արդեն երկրորդ անգամ այդ ասուլիսը տեղի է ունենում օնլայն. լրատվականներն իրենց հարցերն ուղարկում են առցանց, իսկ Փաշինյանը հերթով պատասխանում է դրանց։ Շաբաթ օրը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ այնպիսի հարցերի, որոնք իշխանության համար այդքան էլ հաճելի չէին։ Մեր տեղեկություններով, սակայն, դա իշխանության կողմից հատուկ ընտրված տակտիկա է եղել։ «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը հարցերի շարքում հատուկ է թողել այդ «անցանկալի» հարցերը, որպեսզի կարծիք ձեւավորվի, թե իշխանությունն ինչքան պարզ ու թափանցիկ է գործում, եւ թե ընտրվել են վարչապետին ուղղված բոլոր հարցերը՝ առանց բացառության։


Նույն աղբյուրի հավաստմամբ, վարչապետն աշխատակազմի հետ ունեցած քննարկման ժամանակ ասել է, թե հարցերին կպատասխանի ըստ նպատակահարմարության, այսինքն՝ կարեւորը տվյալ պահին հարցի բարձրաձայն հնչելն է, այլ ոչ թե տրված պատասխանը։ Այդուամենայնիվ, կառավարության աղբյուրը թերթին փոխանցել է, որ մոտ երկու տասնյակ հարցեր միացվել են իրար, իսկ 7-8 հարց ընդհանրապես չի հնչել։ Մեր տեղեկություններով, այսպես կոչված, «տեխնիկական պատճառներով» չհնչած հարցերի հիմնական մասը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը եւ դրան առնչվող խնդիրներին՝ դատավորի վարքագիծ, քաղաքական հետապնդումներ եւ այլն, ինչպես նաեւ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների հետ կապված մի քանի հարցադրումների»:


«ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 12-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նույնիսկ թիմակիցների համար տարօրինակ ելույթ էր ունեցել։ Վաղարշակ Հակոբյանը մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի զեկույցի ներկայացման օրը հանկարծ սկսեց «գոռգոռալ». «21-րդ դարում՝ թավշյա հեղափոխությունից հետո, կանանց մասին խոսել երկու տողով, այն էլ՝ նշելով, որ կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, սա անթույլատրելի է: Ըստ այդմ, ես՝ որպես ԱԺ պատգամավոր, շատ դեպքերում Ձեր պրակտիկ աշխատանքը գնահատում եմ բավարար, բայց Ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար», – նշել էր նա: Ավելի ուշ Արման Թաթոյանը բացատրեց. «Կանանց իրավունքներին նվիրված է հսկայական բաժին՝ 597-ից 638 էջերը, ավելին՝ ԶՈՒ-ում կանանց իրավունքի պաշտպանությանը եւս կա նվիրված բաժին»: Իսկ ինչ վերաբերում է պատգամավորի այն մեղադրանքներին, թե՝ «մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են տեռորի, էլ չեմ ասում` կանանց մասին ինչեր են ասում, ինչ տիպի տեռորի են ենթարկում իշխանական կանանց, եւ Ձեր վերաբերմունքն ու գնահատականը զրոյական է», ապա ՄԻՊ-ը հիշեցրեց, որ Օմբուդսմենի գրասենյակը պաշտպանում է քաղաքացիներին իշխանությունից, այլ ոչ թե հակառակը՝ հորդորելով չսպառնալ իրեն: Եվ որքան էլ երիտասարդ պատգամավորը փորձի հերքել, թե ինքը չի սպառնացել կամ նման մտադրություն չի ունեցել, այնուամենայնիվ, փաստերն ու նրա ելույթում տեղ գտած արտահայտություններն այլ բան են ասում։ Եվ պարզվում է, որ պատգամավորը կատարել է արարք, որը ենթակա է պատժի՝ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն:


Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 332.3-ը սահմանում է, որ մարդու իրավունքների պաշտպանին սպառնալը, նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը` կապված նրա լիազորությունների իրականացման հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով: Սա նշանակում է, որ պատգամավորի արարքը, ըստ էության, չպետք է անհետեւանք մնա: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ հասկանալու համար՝ արդյոք ընթացք է տրվելու պատգամավորի ելույթում տեղ գտած մտքերի հետ կապված, թե դրանք կդիտարկվեն վիրավորանք կամ ակնհայտ անհարգալից վերաբերմունք։ Ի պատասխան՝ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «Տեսանյութը ընդհանուր դիտարկման ենթարկվել է, դրանում պատգամավորի կողմից ՄԻՊ-ին ուղղված առերեւույթ սպառնալիք պարունակող արտահայտությունների վերաբերյալ տվյալներ չեն եղել: Բացի այդ, ՀՀ դատախազությունը չի ստացել ՄԻՊ-ին սպառնալիք հասցնելու կամ նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու վերաբերյալ ահազանգ կամ հաղորդում»: Իսկ, ահա, պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը մեր բոլոր հեռախոսազանգերն ու նամակները թողեց անպատասխան»:


«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ իշխանության համար դատաիրավական ոլորտի կարգավորումները դեռեւս առաջնային պլանում են, եւ դա նրանք, ըստ էության, չեն թաքցնում։ Հետեւելով տեղի ունեցող գործընթացներին՝ պարզ է դառնում, որ ներկա դրությամբ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը շարունակում են ՍԴ գործող կազմից ազատվելու նորանոր ուղիներ որոնել: Հասկանալով, որ հանրաքվեն այլեւս անհնար է, ինչի մասին նշեց նաեւ վարչապետը, իշխանությունները քննարկում են նոր տարբերակներ: Օրերս հայտնի դարձավ, որ իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողովին, որպեսզի «դաբրո» ստանան ՍԴ հարցում կարգավորումներ իրականացնելու նպատակով. խոսքը տվյալ պարագայում ԱԺ ձեւաչափով խնդրին կարգավորում տալու մասին է։  Մեզ տեղեկություններ են հասել, որ այս գործընթացը իշխանության ներսում միաձայն չի անցել։ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ Վենետիկի հանձնաժողով դիմելու գաղափարին կատեգորիկ դեմ է եղել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, եւ այդ մասին նա բարձրաձայնել է։ 


Մեր աղբյուրը փոխանցել է, որ Գրիգորյանն անգամ բավականին կոշտ զրույց է ունեցել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ՝ ասելով, որ նա հարցն անիմաստ միջազգային հարթակ է տեղափոխում։ Գրիգորյանը պնդել է, որ Վենետիկի հանձնաժողովից հոդաբաշխ պատասխան ակնկալել պետք չէ, քանի որ նրանք տալու են այնպիսի իրավակարգավորում, որի շրջանակում հարցը խորհրդարանում կարգավորել չի լինի, իսկ հանրաքվեի անցկացումն անիմաստ ու անհնար է։ Այդուամենայնիվ, որոշ քաղաքագետներ չեն բացառում կուլիսային որոշակի պայմանավորվածությունները: Մասնավորաբար քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը թերթի հետ զրույցում նշում է. «Սովորաբար նման պայմաններում տեղի է ունենում ինչ-որ կուլիսային գործարք: Վենետիկի հանձնաժողովը կարող է դրական արձագանք տալ, օրինակ՝ ՍԴ հարցը ԱԺ շրջանակներում կարգավորելու՝ իշխանությունների նախաձեռնությանը, որի փոխարեն իշխանությունը խոսք կտա այս կամ այն կոնվենցիան վավերացնել կամ գործածել մեր երկրում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Կապանի եւ Քաջարանի համայնքապետերի տներում։ Քրեական գործ կա Գորիսի ղեկավարի նկատմամբ։ Սիսիանի քաղաքապետ Սարգսյանն էլ խնդիրներ ունի տեղի ոստիկանապետի հետ։ Սյունիքում խոսում են, որ օրերս համայնքապետեր են կալանավորվելու՝ նրանք այս իշխանությունների համար խորթ տարրեր են եւ խանգարում են։ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը հաստատեց, որ իր տանը խուզարկություն են արել։ Ասաց՝ փնտրում էին ինչ-որ քրեական գործին առնչվող ապացույցներ։ Գտե՞լ են։ «Բնականաբար՝ ոչ, ի՞նչ ապացույց կարող էին գտնել Կապանի քաղաքապետի տանը»։ Փարսյանին հարցրինք՝ իրեն համարո՞ւմ է օտար մարմին։ «Օտար մարմին չէի ասի, բայց որ իրենց քաղաքական թիմից չեմ` այո»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հայտնվել է անելանելի վիճակում: Խնդիրը կապված է դատարանի որոշման հետ: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ 2019 թվականին քաղաքապետ Առուշ Առուշանյանը ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Սաիդա Ադունցին հեռացրել է աշխատանքից: Դպրոցի տնօրենը չի հաշտվում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի որոշման հետ եւ այն բողոքարկում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: 2019 թվականի օգոստոսի 8-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իգնատ Բեգլարյանը որոշում է կայացնում եւ վերացնում ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավարի՝ ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Սաիդա Վանիկի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառված նկատողություն հայտարարելու մասին թիվ 51 կարգադրությունը: 


Նա վերացնում է նաեւ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավարի՝ 22.03.2019 թվականի թիվ 52 կարգադրությունը՝ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի եւ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Սաիդա Ադունցի միջեւ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, եւ Սաիդա Ադունցին վերականգնում է նախկին աշխատանքում՝ ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը չի հանձնվում եւ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկում է ՀՀ վերաքննիչ դատարանում, սակայն այնտեղ եւս պարտվում է, բայց կրկին չի հանձնվում եւ դիմում է ՀՀ վճռաբեկ դատարան. Վճռաբեկ դատարանից եւս մերժում է ստանում: Ասել է թե՝ 1 տարի առաջ իր կայացրած որոշման համար Առուշ Առուշանյանը հայտնվեց անցանկալի իրավիճակում եւ հիմա դատարանի որոշմամբ պարտավոր է Սաիդա Ադունցին հետ վերադարձնել իր պաշտոնին, այսինքն՝ նշանակել ՀՀ Սյունիքի մարզի ՙԳորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն՚ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը եւ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ թիմային ձեւաչափով հանդիպում են ունեցել, մինչ այդ Բաբայանն ու Հարությունյանը պաշտոնական մեկ հանդիպում էլ էին ունեցել։  «Քննարկումների առանցքում ծրագրային սկզբունքային դրույթներն էին, ոլորտային բարեփոխումների ընդհանուր տեսլականը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ «Միասնական հայրենիք» եւ «Ազատ հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչներից ձեւավորել աշխատանքային խումբ՝ հանգամանորեն ուսումնասիրելու եւ մշակելու երկուստեք ընդունելի եւ կիրառելի զարգացման ծրագիր՝ համերաշխության, անվտանգության, սոցիալական բարեկեցության սկզբունքով»,- ասվում էր Բաբայանի թիմի տարածած հաղորդագրության մեջ։ Արդեն կասկած չկա, որ Արցախի նորընտիր իշխանությանը պառլամենտում մեծամասնություն կազմելու հարցում աջակցելու է Սամվել Բաբայանը, չնայած այդ համագործակցությունը հնարավոր է «կոալիցիա» անվանումը չստանա, բայց Բաբայանն ու իր թիմակիցներն առանցքային պաշտոններ կզբաղեցնեն։ Նույնիսկ քննարկվում է Բաբայանի՝ Արցախի ԱԱԽ քարտուղար նշանակվելու հարցը․ երեկ նախագահը ստորագրեց Արշավիր Ղարամյանի՝ այդ պաշտոնից ազատվելու դիմումը, որը նա ներկայացրել էր մեկ շաբաթ առաջ։ Արայիկ Հարությունյանը մտադիր է փոխել ուժայինների ղեկավարներին, բացառությամբ ՊԲ հրամանատարից, ում թեկնածությունն արժանացել է ՀՀ իշխանությունների հավանությանը։ Ոստիկանապետ Լյովա Մնացականյանը պաշտոնին մնալու ուղիներ է որոնում, բայց նրան փոխարինողի անունն են արդեն քննարկում՝ նրա տեղակալ Աշոտ Հակոբջանյանի»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս կայացել է «Կիլիկիա» ավտոկայանի պահնորդական ծառայության մրցույթը։ Հաղթող է ճանաչվել «Պահապան գրուպ» ընկերությունը։ Ուշագրավ է, որ մրցույթին մասնակցել է ևս մի ընկերություն «Պահապան» անվանումով։ Նշենք, որ տարիներ ի վեր «Կիլիկիա» ավտոկայանում «ասողը» եղել է Նորագյուղի Բոգոն՝ Ռուբեն Կոստանյանը, որը «գահընկեց» արվեց հեղափոխությունից հետո։ Անգամ հարուցվեցին քրեական գործեր։ Ավտոկայանի անվտանգությունը Բոգոյից անցավ «Պահապան գրուպ»-ին, սակայն Բոգոն դեռ գործող անձ է «Կիլիկիա» ավտոկայանում։ Նա ունի նաև ուղևորափոխադրող ընկերություն, որը, ընդամենը երկու ամիս առաջ ստանալով փոխադրողի իրավունք, գործունեություն չէր ծավալում՝ թույլ չտալով այդ երթուղում այլ տնտեսվարողներ աշխատեն»։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ամուլսարի հանքի շահագործումը շարունակում է գործող իշխանության համար «դամոկլյան սրի» կարգավիճակում մնալ, քանի որ, ըստ էության, ոչ մի կարգավորում եւ հստակ ընթացակարգ կառավարությունը չունի եւ ամենայն հավանականությամբ առաջիկայում չի ունենալու։ Փաստացի կառավարությունն այսօր դժվար դիլեմայի առջեւ է հայտնվել. մի կողմից՝ էկոլոգիական ռիսկերն են, որոնք ունեն բնապահպանական լուրջ ուսումնասիրության կարիք, մյուս կողմից՝ հարցի ֆինանսական եւ սոցիալական կողմը. խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրման, ինչպես նաեւ բազմաթիվ աշխատատեղերի մասին է: Սակայն, ըստ ոլորտի փորձագետների, հարցի նկատմամբ այնպիսի մոտեցում, ինչպիսին ունի օրվա իշխանությունը, այն է՝ առայժմ արհեստականորեն ժամանակ ձգել, հարցի լուծում չէ: Մեզ հետ զրույցում մի քանի մասնագետներ նշում էին, որ այսպես թե այնպես, ի վերջո լուծումներ գտնելուց խուսափել հնարավոր չէ, ուստի ժամանակ կորցնելն ու անորոշությունը լավագույն ուղին չեն։ Ի դեպ, ուսումնասիրողների կարծիքով, ամենամեծ վտանգներից մեկն այն է, որ հանքի շահագործման դեպքում օգտագործված, արտանետված ջրերը պոչամբարների միջոցով անցնելու են հողի մեջ, քանի որ դիրքը գոգավոր է եւ հիշեցնում է կատլավան։ Այսպես, ջրերը, ներծծվելով ընդերք, այնտեղ կարող են խառնվել Ջերմուկի հանքային ջրերի հետ, դե, իսկ հետեւանքների մասին խոսելն այս պարագայում անիմաստ է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջնականապես ամփոփվել է 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը և այն ուղարկվել Ազգային ժողովին: Ըստ այդմ, ՀՆԱ-ի իրական աճը Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականին արձանագրվել է 7․6 %-ի մակարդակում, ինչը 2․7 %- ային կետով գերազանցում է պետական բյուջեով 2019 թվականի համար ծրագրված մակարդակը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը տնտեսական աճի 2019 թվականի ցուցանիշով առաջատար է ԵԱՏՄ գործընկեր-երկրների, Վրաստանի և Ադրբեջանի հետ համեմատությամբ։ Մասնավորապես, ՀՀ-ում ՀՆԱ-ի 7․6 % իրական աճի պարագայում, Ռուսաստանի Դաշնությունում արձանագրվել է ՀՆԱ-ի 1․3 % իրական աճ, Բելառուսի Հանրապետությունում՝ ՀՆԱ-ի 1․2% իրական աճ, Ղազախստանում՝ ՀՆԱ-ի 4․5 % իրական աճ, Ղրղզստանում՝ ՀՆԱ-ի 4․5 % իրական աճ, Ադրբեջանում՝ ՀՆԱ-ի 2․3% իրական աճ և Վրաստանում՝ ՀՆԱ-ի 5․1 % իրական աճ։ Արտաքին ապրանքաշրջանառությունը 2019 թ․ կազմել է 8154․1 մլն ԱՄՆ դոլար՝ 2018թ․ համեմատ աճելով 10․6 %-ով: Միջին գնաճը 2019 թվականին արձանագրվել է 1․4 %-ի մակարդակում՝ պետական բյուջեով ծրագրված 3․5 %-ի, իսկ գնաճը ժամանակաշրջանի վերջում 2019 թվականին կազմել է 0․7 տոկոս: Այսինքն, 2019 թվականը ՀՀ կառավարությունը հաջող է ավարտել: Եվ նկատենք, սա միակ տարին է, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն ամբողջական է աշխատել»: