Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան, որը պաշտոնապես հիմնադրվել է Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության աջակցությամբև որի գործունեությանը մասնակցում են երկրի առաջադեմ տնտեսվարողները, այսօր հայտարարություն է տարածել «Գալաքսի» ընկերությունների խմբի և խմբի հիմնադիր, Ucom ընկերության կառավարման խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Ուշադրությամբ հետևում ենք մեր կազմակերպությանն անդամակցող «Գալաքսի» ընկերությունների խմբի շուրջ ծավալվող իրադարձություններին և հայտնում ենք մեր անհանգստությունը այդ մասով։
«Գալաքսի» ընկերությունների խումբը՝ ի դեմս իր կողմից կառավարվող 15 ընկերությունների, կարևոր գործոն է Հայաստանի տնտեսության համար՝ աշխատատեղերի քանակով, վճարված հարկերով և ստեղծվող տարեկան ՀՆԱ-ի վրա ազդեցությամբ։ «Գալաքսի» ընկերությունների խումբը հայկական կապիտալով միակ տելեկոմ՝ «Յուքոմ» ընկերության կառավարիչն է, ինչը ռազմավարական նշանակություն ունի։ «Գալաքսի» ընկերությունների խումբը նաև հանդիսանում է ԵՄ անդամ երկրների մի շարք խոշոր կորպորացիաների պաշտոնական գործընկերն ու ներկայացուցիչը Հայաստանում՝ համատեղ ներդրումային նախագծերի և գործունեության միջոցով։
Կարևոր ենք համարում, որ այս գործոններով պայմանավորված ընկերությունների խմբի և առանցքային դերակատարների ուղղությամբ ցանկացած գործողություն շրջահայաց ու բազմակողմանի դիտարկմամբ, ինչպես նաև ացառապես իրավական հենքով կառուցվի, քանի որ դրա շղթայական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա մեծ է և անզգույշությամբ կարող է վնաս կարող հասցվել ՀՀ աշխատաշուկային, տնտեսությանն ու երկրի հեղինակությանը՝ միջազգային ներդրումների ներգրավման տեսանկյունից»։
Հիշեցնենք` որ դեռ ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հաղորդել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։
Նա նաև տեղեկացրել էր, որ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում իրեն մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականցումը եղբոր, ընտանիքի այլ անդամների, ազգականների, մտերիմնեի, ինչպես նաև առնչվող այլ անձանց նկատմամբ։
Ապրիլի 30-ին արդեն խուզարկություններ կատարեցին Խաչատրյանների տանը և գրասենյակում, ինչպես նաև կալանավորման միջնորդություն ներկայացվեց դատարան։