Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, որի նկատմամբ «փողերի լավացման գործով» հայտարարված է հետախուզում, հանդես է եկել հերթական ֆեյսբուքյան գրառմամբ՝ մեղադրանքներ հնչեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին:
Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով գողացել է իր խոսնակի ֆեյսբուքյան էջի գաղտնաբառը եւ բացի ՀԺ-ի անանուն խմբագրականներից, հիմա էլ խոսնակի անունից է փորձում «օպերատիվ արձագանքել», գրում եմ ուղիղ՝ առանց միջնորդների։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Միքայել Մինասյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Ընդունեք ի գիտություն.
Դուք՝ Նիկոլ Վովայի Փաշինյան, անձամբ պատասխան եք տալու.
1. Իշխանությունը պահելու դիմաց արցախյան գաղտնի բանակցություններում փուլային տարբերակին համաձայնելու եւ ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու համար:
2.Օլիգարխներից փող վերցնելու եւ նրանց «օրինապաշտ գործարար» դարձնելու համար:
3.Պետբյուջեից մի քանի տասնյակ միլիոն դոլար բացեիբաց գողանալու եւ հավելավճարների ու պարգեւավճարների տեսքով Ձեր հետ քայլածներին բաժանելու համար:
4. Համաճարակի ժամանակ հանցավոր անգործության, կառավարչական անփութության, պետական միջոցները մսխելու եւ գողանալու, հիվանդության տարածման ծավալն ու վիրուսից մահերի փաստերը թաքցնելու համար:
5.Կարանտինի ժամանակ բացարձակ անգործության եւ սոցիալական անպատասխանատվություն ցուցաբերելու համար, ինչի հետեւանքով ժողովրդին դատապարտել եք սովի, մթի եւ աղքատության։
Իսկ կառավարական ամառանոցները վայելելու, դրանք չհիմնավորված, հսկայական գումարներով նորոգելու, թանկարժեք ու անբովանդակ ուղեւորությունների ու մնացածի համար՝ ժողովուրդը Ձեզ դատավոր։
Թեման ամբողջացա՞վ։ Անպայման արձանագրեք, որ չմոռանաք։
Հ. Գ. Ես հուսով եմ, որ Նիկոլի հոգեկանն էնքան վատ չի, որ ինձ վերագրի մասնաբաժին նաեւ Գավառի հիվանդանոցում: Չնայած...»:
VERELQ-ը հիշեցնում է, որ Միքայել Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանն արձագանքել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հայտարարությանն առ այն, որ «UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաեւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը եւ Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է»: