23.11.2024
Ավտոբուսների՝ երկար սպասված մրցույթը հայտարարվեց. Հայկ Մարության
prev Նախորդ նորություն

Եթե հաստատվի, որ Մինասյանը բաժնեմաս է ունեցել «Յուքոմ»-ում, այն կնվիրաբերվի «Իմ քայլ»-ին

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հայտարարությանն առ այն, որ «UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաեւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը եւ Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է»:


«Ծանոթանալով Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակի «սկանդալային գրառմանը»՝ այլևս չենք տարակուսում ոչ իրավապահ մարմիններին իջեցվող ակնհայտ քաղաքական պատվերի բնույթից, ոչ էլ զարմանում բացահայտ զրպարտություն տարածելու մոլուցքից։


Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերաբերյալ երկու տարի շարունակ երկրի քաղաքական իշխանությունների պարբերաբար արվող կեղծ հայտարարությունների հերթական մաս կազմող այս ֆեյսբուքյան գրառմանը կարելի էր անգամ չանդրադառնալ, եթե ցինիկ եղանակով չհատվեին իրավունքի գերակայության, իշխանության տարանջատման և բարոյականության գրված և չգրված սահմանները։


Ակնհայտ է՝ իրավապահ մարմիններն առաջիկա օրերին «գրպանում իր գցելու սկզբունքով» փորձելու են կյանքի կոչել հարգարժան խոսնակի կողմից վկայակոչված «վարչապետի ակնկալիքը»՝ դեսպան Մինասյանին մեղադրելով անգամ Վատիկանում Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի կառուցման անօրինակության մեջ։ «Տիեզերական եկեղեցու վարդապետի» արձանից զատ ցանկացած այլ իրական կամ մտացածին կառույցին, բնակարանին և ընկերությանը դեսպան Մինասյանի առնչությունը խոշորացույցի տակ ստուգվել է երկու տարի անընդմեջ ՝ արձանագրելով Նիկոլ Փաշինյանի համար ոչ ցանկալի իրականությունը։


Անկասկած, նմանաբնույթ քաղաքական հրահանգներն ունենալու են իրավական հետևանքներ ինչպես ներպետական, այնպես միջազգային ատյաններում։


Ինչ վերաբերում է «Յուքոմ» ընկերությունում «ենթադրյալ բաժնեմասի» վերաբերյալ մերկապարանոց և ակնհայտ սուտ հայտարարությանը, լիազորված եմ հայտարարելու, որ եթե օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտով հաստատվի, որ Միքայել Մինասյանը երբևէ որևէ սեփականատիրական առնչություն է ունեցել «Յուքոմ» ընկերությանը, ապա նշված բաժնեմասն անմիջապես կնվիրաբերվի «Իմ քայլը» հիմնադրամին։


Հ.Գ. Տնտեսական ճգնաժամի և սպասվող սոցիալական արհավիրքի պայմաններում «մասնավոր ընկերության բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե» ձևակերպումը վկայում է ՀՀ տնտեսությունը զարգացնելու և օտարերկրյա ներդրումները ներգրավվելու վերաբերյալ ներկայիս կառավարության «խորը և համապարփակ» գիտելիքների մասին՝ ամբողջությամբ հիմնավորելով մոտակա ամիսներին Հայաստանում սպասվող տնտեսական և սոցիալական դրության իրական պատճառները», - ասված է Մակինյանի հայտարարության մեջ։



Ի դեպ Խաչատրյանների պաշտպանական թիմի անդամ Երեմ Սարգսյանն այսօր արդեն հայտարարել է, որ չի բացառում՝ Մանե Գևորգյանի՝ «թալանը վերադարձնելու մասին» ձևակերպման համար Խաչատրյանները դիմեն դատարան: «Այս պահին քննարկում է գնում, մենք կամփոփենք և մեր դիրքորոշումը կհայտնենք, թե ինչ իրավական գործընթացներ կլինեն: Արդյոք իրավասու են իրենք մեղադրել և արդյոք սա անմեղության կանխավարկածի խախտում չէ: Գրեթե վստահ եմ, որ նման քայլ կլինի», - ասել է նա, հայտնում է Ֆակտորը: